Կքննարկվի ԵԱՏՄ տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման հարցը

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) պատվիրակությունը մասնակցել է նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու ԵԱՏՄ գործարար խորհրդի  փոխգործակցության Խորհրդատվական խորհրդի վեցերորդ նիստի աշխատանքներին։

Ինչպես տեղեկացրին ՀԱԳՄ-ից, նիստի մասնակիցները քննության են առել օրակարգային հինգ հարց․ «2021 թվականին եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման և դրանում ԵԱՏՄ անդամ երկրների գործարար համայնքների ներգրավվածության մասին», «ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների վերացման մասին», «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ գործարար խորհրդի միջև՝ ԵԱՏՄ անդամ երկրների սպառողական ապրանքների առևտրի մասնակիցների ինքնակարգավորվող համակարգի ձևավորման հարցում փոխըմբռնման հուշագրի մասին», «ԵԱՏՄ շրջանակներում դեղամիջոցների և բժշկական ապրանքների հետ վարվելու արդիական հարցերի մասին» և «Երրորդ երկրների հետ գործարար երկխոսության աշխուժացման մասին» հարցերը։ Հանգամանալի քննարկումներից հետո կայացվել են համապատասխան որոշումներ։

«Խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներին  մասնակցած ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքով՝ արդիական է գնահատվել ՌԴ-ում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցչության ղեկավար Արտաշես Շիրիկյանի այն հարցադրումը, որ անդամ երկրների գործարար համայնքները հաճախ ուշացումով են տեղեկացվում ԵԱՏՄ կառույցների որդեգրած քաղաքականության կամ նախատեսվելիք նախաձեռնությունների մասին, ինչը մակրոտնտեսական մակարդակում դժվարացնում է գործարարների կողմից համապատասխան քայլերի մշակումն ու իրականացումը։ Որոշվել է քայլեր ձեռնարկել գործակցությունն ավելի անմիջական ու արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

Ըստ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի՝ արդեն ս․թ․ դեկտեմբերի 13-ին տեղի կունենա  ԵԱՏՄ Գործարար խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերի թվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից բարձրացված` «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Ըստ աղբյուրի՝ խնդիրը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության հատուկ կարգավիճակով՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի և Վրաստանի սահմանագծում՝ Վերին Լարսում, որի պարագայում բարդություններ են առաջանում բեռնատարների ստուգման, մաքսային ձևակերպումների իրականացման, մաքսանենգ ապրանքաշրջանառության կանխման գործընթացներում, դանդաղում է մաքսակետի թողունակությունը, մեծ հերթեր են կուտակվում։ ՀԱԳՄ-ն առաջարկել է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձևակերպումն ու կապարակնքումն իրականացվեն առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»։

--00--ԱՀ