Մեր նպատակն է խորացնել ռուսական ճանապարհաշինական ընկերությունների հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

․

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը, հիմնադրամի այլ ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանում գտնվող ռուսական РОСДОРНИИ գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ճանապարհաշինության ոլորտում բազմավեկտոր համագործակցության ասպեկտներին։ Մասնավորապես, Ստանիսլավ Նաբոկոն շեշտել է, որ Ճանապարհային դեպարտամենտի հետ վերջին մի քանի ամիսներին հաստատվել են գործընկերային հարաբերություններ, և այդ գործընկերությունը զարգացնելու մեծ ներուժ կա ինչպես շինարարության տեխհսկողության, այնպես էլ նախագծման, նորմատիվ բազայի արդիականացման, մասնագետների վերապատրաստման ու այլ ուղղություններով։ Նա նաև վստահություն է հայտնել, որ երկկողմ գործակցությունը կնպաստի ճանապարհաշինության ոլորտի զարգացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանն իր խոսքում ընդգծել է, որ վերջին տասնամյակներում РОСДОРНИИ-ի և ռուսաստանյան ճանապարհաշինական կազմակերպությունների հետ չկար համագործակցության այն մակարդակը, որը ցանկալի էր ունենալ։ Ուստի առաջիկայում նպատակ ունեն լրացնել այդ բացը, խորացնել ռուսական ճանապարհաշինական ընկերությունների հետ համագործակցությունը։ Նա նշել է, որ բարձր են գնահատում ռուս գործընկերների ներուժը և շահագրգիռ են այս ուղղությամբ փորձի փոխանակման նպատակով ծրագրեր իրականացնելու հարցում։

Կողմերը քննարկել են ճանապարհաշինական նորմերին, ոլորտը կարգավորող ՀՀ և ՌԴ օրենսդրությանն առնչվող, ինչպես նաև շինարարական բազմաթիվ հարցեր։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության ճանապարհային քարտեզ կազմելու և ըստ այդ քարտեզի աշխատանքներն իրականացնելու շուրջ։

РОСДОРНИИ-ն Ռուսաստանի ճանապարհաշինության բնագավառում գրեթե կեսդարյա պատմություն ունեցող և առաջատար դիրքեր զբաղեցնող կազմակերպություն է, որի գործունեությունը ներառում է տրանսպորտային պլանավորմանը, ավտոճանապարհների զարգացմանը, շինարարական-տեխնիկական փաստաթղթերի մշակմանը, նախագծմանը, շինվերահսկողությանը, ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված և բազմաթիվ այլ ուղղություններ։

--00--ԱՀ