Լինի բաց ճանապարհ, թե ապաշրջափակված վիճակ, որոշ ժամանակ տնտեսական օգուտ չի տալու Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Տնտեսական

Շատ կարևոր է, որ ճանապարհների բացմանը զուգընթաց նաև տնտեսությունը թույլ տա այդ հնարավորություններն օգտագործել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների և ապաշրջափակման թեմային։

Ըստ Մակարյանի՝ Հայաստանի համար ճանապարհները շատ կարևոր են, քանի որ երկիրը մեծ այլընտրանքային հնարավորություններ չունի։ «Մեր ճանապարհները երկար են, դժվարին, երկաթգիծն ամեն ինչ չէ, որ կարողանում է տանել, օդայինն էլ սահմանափակ է։ Այսինքն՝ եթե դու թեկուզ ունես բաց ճանապարհներ, բայց տնտեսական առումով մեծ հնարավորություններ չունես, ասենք՝ այնպիսի բեռներ տեղափոխես, որոնք Նախիջևանով, Ադրբեջանով գնան Ռուսաստան։ Դրանք նախկին Խորհրդային գիծն էին ու հիմնականում նախատեսված էին ծանր ապրանքների, մեծ բեռների համար՝ ցեմենտ, ավազ, քար, երկաթ, հացահատիկ և շատ այլ բաներ։ Պետք է նայել՝ արդյո՞ք հիմա կան հնարավորությունները դա անելու համար, թե՞ ոչ. վագոնների, երկաթգծի վիճակը, անվտանգային ռիսկերը, գները, բեռների քանակը և այլն։ Հայաստանն այսօր լուծումներ գտել է, թե այդ նույն բեռներն ինչպես բերի, հիմնականում՝ ավտոցիստեռներով, ֆուրերով և այլն», - հավելեց տնտեսագետը։

Նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության միջնորդորությամբ տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում, որին մասնակցում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, համատեղ եռակողմ հայտարարություն ընդունել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Հանդիպմանը նոյեմբերի 29-ին անդրադարձել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Ալիևն ասել է, որ այս հանդիպումը շատ արդյունավետ է անցել։ Դրա ընթացքում լուծվել է Արաքս գետի երկայնքով երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհի կառուցման հարցը։ Բացի այդ, թեմա կա դեպի Իգդիր մայրուղու մասին։ Սա հաջող քայլ կլինի Նախիջևանով, ինչպես նաև Հայաստանով անցնելու խնդրի լուծման համար»,- ասել էր Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում՝ Թուրքմենստան կատարած այցից հետո Անկարա վերադառնալիս։

Անդրադառնալով Էրդողանի խոսքերին՝ Մակարյանն ասաց, որ նա շանտաժ անելու համար կարող է ավելին ասել, քան իրականում կա։ «Իհարկե հնարավոր է, որ ճշմարտանման ինֆորմացիա կա, որ ճանապարհները բացում են, մինչև Իգդիր կգնա և այլն, բայց ինքը նաև շատ անգամ ասում է, որ հոգեբանորեն ճնշի կամ պարծենա, որ այդ խնդիրը լուծված է Ադրբեջանի մասով»։

Ըստ տնտեսագետի՝ ապաշրջափակմանը պետք է ճիշտ արձագանքնեն նաև հարևան, տարածաշրջանային երկրները՝ Իրանը, Վրաստանը և այլն, հեռավոր երկրները՝ Չինաստան, Հնդկաստան և այլն։ «Շատ երկրներ ՏՐԱՍԵԿԱ-ների համար պայքար են մղում, որ իրենց երկրով անցնի, տնտեսական օգուտներ ունենան այդ տրանզիտից, բայց նաև քաղաքական լծակներ, որ հենց իրենց տարածքով են թույլ տալիս տանել բեռները։ Հայաստանն արդյո՞ք կարող է քաղաքական տեսանկյունից այդ լծակներն օգտագործել, թե՞ ոչ, կարծում եմ, որ ոչ, որովհետեւ վերլուծությունները ցույց են տալիս, որ մենք քաղաքական նպատակներ չենք դնում, մենք ուզում ենք լինել բարի (ինչպես ասում են) զուտ տնտեսական կոնցեպտի մեջ»։

Ըստ Գագիկ Մակարյանի՝ լինի բաց ճանապարհ, թե ապաշրջափակված վիճակ, դա որոշ ժամանակ առանձնապես տնտեսական օգուտ չի տա Հայաստանին․ «Հնարավոր է, որ նույնիսկ վնասներ լինեն՝ առաջացնելով այլ ռիսկեր, խաթարումներ։ Երկրները, որոնք որ ախորժակ են դրսևորում, անպայման ունեն քաղաքական շահ, որը կարող է գերակշռել տնտեսական շահին»։

Երեկ լրագրողների հետ զրույցում պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը խոսել էր Գորիս-Կապան ճանապարհին հայաստանյան անցակետերի տեղադրման մասին՝ նշելով, որ արդեն մաքսային ծառայություն իրականացվում է այդ հատվածում։ «Մաքսային ծառայություններն արդեն տեղակայված են, և որոշակի աշխատանքներ ենք տանում, որպեսզի իրենց համար այդ հատվածներում ապահովենք հավելյալ աշխատանքային պայմաններ։ Շենքերին փոխարինող ավելի հարմարեցված միջոցներ կան, որոնք հիմա գնման պրոցեսում են», - նշել էր նա։

Ինչ վերաբերում է մաքսատուրք գանձելու վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին, ապա Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն ասաց․ «Մեր շատ պաշտոնյաներ շատ պարզունակ են ամեն ինչ դիտում, տեսնում են երկրաչափական պրիմիտիվ ֆորմուլայի տեսքով՝ «էս առարկան վերցնեմ դնեմ էնտեղ, ու հարցը լուծվեց, ի՞նչ ա էղել որ, ենթադրենք՝ չգտնվի այստեղ, գտնվի այստեղ, վերջ»։ Ոչ, ինքը տնտեսական պրոցես է, ֆիզիկական պրոցես չէ, թեկուզ կետեր դնելը, գանձելն ունի տնտեսական հետևանքներ, ժամանակի կորուստներ, վարչարարության ռիսկեր, կոռուպցիոն ռիսկեր», - ընդգծեց տնտեսագետը։

«Տեսեք, Վերին Լարսի խնդիրը։ Ինչո՞ւ խնդիրը չի լուծվում, հո մենակ Վերին Լարսի ճանապարհը չէ, որ դժվարին է։ Մաքսակետերը նորմա՞լ են աշխատում, ոչ, հերթեր, եղանակից կախված, կոռուպցիոն ռիսկեր, խանդ, մի պետություն այսպես է վերաբերվում, մի պետություն՝ այսպես։ Մաքսակետն ի՞նչ է նշանակում, մի կողմում ուրիշ երկիր է, մյուս կողմում՝ ուրիշ, նայած թե որ կողմն ինչպես է իրեն դրսևորում։ Հետևաբար մաքսատուրքի գործիքն օգտագործելը տնտեսական, հոգեբանական ճնշում է, առաջացնում է ինչ-որ նոր երևույթներ», - եզրափակեց Գագիկ Մակարյանը։

--00--ԿԿ