Ռոման Բաղդասարյանին առաջարկում ենք սեղմ ժամկետում ներկայանալ, պարզաբանումներ ներկայացնել. Արցախի ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Արցախի ԱԱԾ

ԱՀ ԱԱԾ կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները` Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության` կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից:

«Այսօր ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ազգային անվտանգության ծառայություն է ստացվել սոցիալական ցանցերում տարածված՝ Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութը, որում վերջինս հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի, սպաների ու գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու, ինչպես նաև սպանություններ կատարելու հրամաններ տալու մասին:

Հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարության կապակցությամբ իրականացվում են ստուգումներ, ուստի Ռոման Բաղդասարյանին առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ներկայանալ ԱՀ ազգային անվտանգության ծառայություն և պարզաբանումներ ներկայացնել իր կողմից հայտարարված ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ:

Միաժամանակ իրազեկում ենք, որ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված հիմքերը ծագելու դեպքում ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը դիմելու է նաև դատավարական հարկադրանքի միջոցի»,- հայտնում են Արցախի ԱԱԾ-ից:

Սույն թվականի նոյեմբերի 30-ից սոցիալական ցանցերում տարածվում է ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութն այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ, Մատաղիսում սպանել են 200 մարդու:

--00--ԱԹ

Տեսանյութեր