Պետք է լուծվեն սահմանների, գերիների հարցերը, և հետո միայն խոսվի ապաշրջափակման մասին․ թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Քաղաքական

Հստակ պետք է լուծվեն սահմանների, գերիների հարցերը, և հետո միայն խոսվի ապաշրջափակման և սահմանների բացման մասին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, ապաշրջափակման թեմային։

Նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որին մասնակցում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրանց միջև բանակցությունները տևել էին մոտ երեք ժամ։ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը նոյեմբերի 29-ին անդրադարձել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Ալիևն ասել է, որ այս հանդիպումը շատ արդյունավետ է անցել։ Դրա ընթացքում լուծվել է Արաքս գետի երկայնքով երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհի կառուցման հարցը։ Բացի այդ, թեմա կա դեպի Իգդիր մայրուղու մասին։ Սա հաջող քայլ կլինի Նախիջևանով, ինչպես նաև Հայաստանով անցնելու խնդրի լուծման համար։ Ե՛վ մարդիկ կկարողանան անցնել, և՛ հնարավոր կլինի ապրանքներ տեղափոխել»,- ասել էր Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում՝ Թուրքմենստան կատարած այցից հետո Անկարա վերադառնալիս։

Խուդավերդյանի կարծիքով՝ սահմանների բացման, ապաշրջափակման մասին խոսելը դեռևս վաղ է։ «Սահմանների բացումը, ապաշրջափակումն ինքնին դրական երևույթ է, այսինքն՝ երբ խաղաղություն է հաստատվում, ապաշրջափակում է տեղի ունենում, սահմաններ են բացվում, առևտուր է սկսում։ Ուրիշ բան է, որ դա տեղի է ունենում մեկ այլ պետության արժապատվության հաշվին։ Ես՝ որպես թուրքագետ, կողմնակից եմ, որպեսզի ապաշրջափակումը, ճանապարհների բացումը տեղի ունենա այն պայմանով, որ հայկական կողմի արժանապատվությունը դրանից չտուժի, այսինքն՝ սահմանին կրակոցները դադարեն, ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, երբ որ հայկական կողմը, թուրքական կողմը և ադրբեջանական կողմը կարողանան բանակցություններ վարել, որպեսզի փոխադարձ շահերը չվնասվեն։ Մնում է, տեսնենք, թե ինչ կստորագրեն կողմերն առաջիկայում, և դրանից արդեն կարելի է հետևություններ անել», - ասաց թուրքագետը։

Ըստ նրա՝ վտանգներն այն ժամանակ են տեսանելի, երբ որ իրավիճակը բավականին անհանգստացնող է։ «Մասնավորապես, սահմաններին դեռևս շարունակվում են կրակոցները, դեռ գերիների հարցը լուծված չէ։ Չմոռանանք, որ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին խոսվել է դեռևս այս իշխանություններից առաջ։ Հիշենք թերևս 2008 թվականի «Ֆուտբոլային» դիվանագիտությունը և այլն։ Կարծում եմ, որ հստակ պետք է լուծվեն սահմանների, գերիների հարցերը, և հետո միայն խոսվի ապաշրջափակման և սահմանների բացման մասին», - եզրափակեց Մուշեղ Խուդավերդյանը։

Հիշեցնենք, որ Սոչիում նոյեմբերի 26-ին բանակցություններիարդյունքներով ընդունվել էր եռակողմ հայտարարություն, որը վերաբերում է 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառության վերահաստատմանը՝ «ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման», «հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանն» ուղղված համատեղ ջանքերի ակտիվացմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա իրականացնելու համար հանձնաժողովի ստեղծմանը։

--00--ԿԿ

Տեսանյութեր