Դանակահարությունը բացահայտվեց երեք ժամ անց. բերման ենթարկվեցին երկու եղբայրները

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

Նոյեմբերի 25-ին, ժամը 21-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում ստացվեց, որ գոտկատեղի ծակած-կտրած, թափանցող վերքով 22-ամյա երիտասարդ բուժօգնության է տեղափոխվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ տուժողին վիրահատում էին, և կատարվածի վերաբերյալ նրանից որևէ բան պարզելն անհնար էր:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ:

Ոստիկանները նախ պարզեցին, թե դանակահարությունը որտեղ էր եղել, ապա հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով սկսեցին դեպքի վայրում օպերատիվ հարցումներ իրականացնել։ Ձեռք բերված տեղեկություններն իրացնելով՝ Հրազդանի քրեական հետախույզները քաղաքի Վանատուր թաղամասից բաժին բերման ենթարկեցին նույն թաղամասում բնակվող երկու եղբայրների։

Ավելի ուշ պարզվեց՝ ավագ եղբայրը, որ 21-տարեկան է, Հրազդան-Զովաբեր ճանապարհը հատող երկաթգծի հարևանությամբ անձնական հարցերի շուրջ վիճել էր տուժողի հետ և դանակահարել նրան։

Կասկածվողը ներկայացվեց Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Նա տվել է խոստովանական ցուցմունք: Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը, որը երիտասարդը նետել էր գետը։

Նախաքննությունը շարունակվում է։

--00—ՄՀ

Տեսանյութեր