Իշխանասարից ադրբեջանական ԶՈւ-ն 100 տոկոս հեռանում է, մնացել են 50-60 մարդ․ Սիսիանի համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Հասարակական

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը տեղյակ չէ՝ արդյո՞ք ադրբեջանական զորքերը հետ են քաշվել համայնքի Իշխանասար բնակավայրի տարածքից։ 

«Այս պահի դրությամբ ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, բայց այդ գործողությունները պետք է լինեն։ Ես զանգել եմ հրամանատարներին, որ 100 տոկոսով ճշտենք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Հակոբջանյանը։

Սիսիանի համայնքապետի պաշտոնակատարը հաստատեց, որ ադրբեջանական կողմի հետ զորքի հետքաշման պայմանավորվածություն կա։ «Որ հեռանում են, դա 100 տոկոս է, 200 մարդուց մնացել է 50-60 մարդ, կամ տեխնիկան որ թեթևացրել են, դա հաստատ։ Իսկ որ դիրքերը հետ են քաշել, այս պահին ինֆորմացիա չունեմ, բայց պիտի լինի», - հավելեց Հակոբջանյանը։

Նա ասաց, որ նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ Սիսիանի ուղղությամբ դիրքային կորուստներ չեն եղել։ Այլ հարցերի Արմեն Հակոբջանյանը չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ զբաղված է։

Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը, որը մի շարք լրատվամիջոցների ասել էր, որ ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Հայաստանի տարածքից մինչև այն տարածք, որտեղով անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը, 24News-ի հետ զրույցում ասաց․ «Մենք ունենք քաղաքապետ՝ Հակոբջանյան, և պաշտպանության նախարարություն, խնդրում եմ՝ զանգե՛ք իրենց, ես չգիտեմ»», - ասաց Պետրոսյանն ու անջատեց զանգը։ 

24News-ը փորձեց կապվել Պաշտպանության նախարարության հետ, սակայն զանգերը մնացին անպատասխան։

Նշենք, որ հետքաշման պայմանավորվածությունը կարող է վերաբերել մայիսի 12-ին տեղի ունեցած ադրբեջանական ներխուժմանը, քանի որ նոյեմբերի 16-ին Սյունիքի ուղղությամբ տեղի ունեցած բախումների հետևանքով, ըստ պաշտոնական տեղեկությունների, Ադրբեջանն ավելի չի առաջացել դեպի Իշխանասարի խորքերը։

--00--ԿԿ