Սոչիի հայտարարությամբ հերքվում են «միջանցքի» մասին տարածվող քարոզչական թեզերը․ ԱԳՆ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

եռակողմ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հրապարակել է մի շարք լրատվամիջոցների հարցերի պատասխանը։

Ըստ այդմ՝ նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում:

Առաջին՝ Սոչիի հայտարարությունով կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։

Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին և այլ կետերով չկատարված պարտավորություններին։

Երկրորդ՝ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը:

Եվ երրորդ՝ ըստ հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Իսկ այդ ուղղությամբ առաջնային ու առավել կարևոր քայլը պետք է լինի լարվածության նվազեցմանը միտված քայլերի իրականացումը։

Համոզված ենք նաև, որ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։

--00—ԼՄ