Գնել Սանոսյանը ներկայացրել է Արմավիրի նոր մարզպետ Համբարձում Մաթևոսյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Հասարակական

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզում մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, մարզպետարանի ենթակա կառույցների ղեկավարներին  է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանին 3 տարվա արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան արդեն փոխվարչապետի պաշտոնում։ Նախարարը նշել է, որ Համբարձումյանը մարզում աշխատանքի շատ բարձր նշաձող է սահմանել և համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի նաև նորանշանակ մարզպետը։

Գնել Սանոսյանը շնորհավորել է Հովհաննիսյանին կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ նա նոր մարդ չէ պետական կառավարման համակարգում, ունի աշխատանքային մեծ փորձ և վստահություն է հայտնել, որ նրա հմտությունների և աշխատակազմի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մարզում նոր հաջողություններ կգրանցվեն։  

Փոխվարչապետ, Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ներկաներին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ մեծ պատիվ է եղել Արմավիրի մարզը ղեկավարելը և գրանցած արդյունքը թիմային աշխատանքի հետևանք է։

Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ  մարզպետն ունի անհրաժեշտ աշխատանքային հմտություններն ու հնարավորությունները՝  սկսված  աշխատանքը  շարունակելու և նոր, կարևոր նախագծեր իրագործելու համար։

Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ մարզպետի պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ ներդնելու է ողջ ներուժը, օգտագոծելու է բոլոր հնարավորությունները՝  պետական կառավարման տարածքային քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու համար։

--00--ԿԿ