Ձեռնաշղթայված հետախուզվողը դիմել է փախուստի․ նրան վնասազերծելիս արցունքաբեր գազ է կիրառվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

ձեռնաշղթա

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Իսակովի պողոտայում նկատել են հանդիպակած երթևեկող ավտոմեքենա, գրում է shamshyan.com-ը։ 

Ըստ աղբյուրի՝ պարեկները ձայնային ազդանշանի միջոցով փորձել են ավտոմեքենան կանգնեցնել, սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների օրինական «կանգ առ» հրահանգին, շարունակել է երթևեկությունը դեպի Բաբաջանյան փողոց, այնուհետև Շերամի փողոցով ուղևորվել է դեպի Հաղթանակ թաղամասի տներից մեկի բակ:  

Պարեկները պարզել են, որ վարորդը Երևանի բնակիչ, 30-ամյա Հարություն Ա.-ն է․ նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում է։

Այդ ժամանակ պարեկները փորձել են նրան բերման ենթարկել ոստիկանության մոտակա բաժին, սակայն նշված տանից դուրս են եկել 2 հոգի՝ կին և տղամարդ ու սկսել քաշքշել պարեկներին՝ խոչընդոտելով վերջիններիս աշխատանքին:  

Աղբյուրը հայտնում է, որ պարեկները մի քանի անգամ հորդորել են այդ մարդկանց, որպեսզի չխոչընդոտեն իրենց աշխատանքին, սակայն այդ մարդիկ իրենց ձեռքերում խոհանոցային «չափաջախով» շարունակել են խոչընդոտել: Այդ ժամանակ պարեկները օգտագործել են արցունքաբեր գազ և հետախուզվողին հագցրել են ձեռնաշղթա:  

Դրանից հետո նորից շարունակվել է քաշքշուկը և օգտվելով քաշքշուկից, ձեռնաշղթայված հետախուզվողը դիմել է փախուստի:  

Արդեն ժամը 03:30-ի սահմանում Հաղթանակ թաղամասից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկվում 64-ամյա Ս.Ա-ն և 65-ամյա Լ.Ա-ն:  

Որոշ ժամանակ անց ոստիկանության Մալաթիայի բաժնից նրանք բաց են թողնվել:  

Աղբյուրը հայտնում է, որ ոստիկանությունը ժամը 11:00-ի սահմաններում «Հաղթանակ» թաղամասում հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել հետախուզվող Հարություն Ա.-ին:

--00—ԼՄ