Բրյուսելում կփորձեն համոզել Բաքվին, որ մի քանի գերի վերադարձնի․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Քաղաքական

Լուրջ առաջխաղացում չկար, չնայած սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ սկսելու որոշ պայմանավորվածություններ կային։ Ամեն դեպքում, սա նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ինչը ձեռնտու չէ Հայաստանին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանն՝ անդրադառնալով ուրբաթ օրը Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը։

Ըստ Միքայելյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնականում փորձում էր հանդիպման առիթն օգտագործել Հայաստանում քարոզչության անելու համար։

Քաղաքագետի կարծիքով, մինչև բրյուսելյան եռակողմ հանդիպումն Ադրբեջանը որևէ ռազմական գործողություն չի անի։ «Բրյուսելյան հանդիպման ժամանակ էլ դժվար թե Ադրբեջանն ինչ-որ բան ձեռնարկի։ Իհարկե, եվրոպական դիվանագիտությունն ուզում է ինչ-որ արդյունք գրանցել, փորձելու են, որ Ադրբեջանը մի քանի գերի վերադարձնի, բայց շատ լուրջ հարց է՝ արդյո՞ք Ադրբեջանը զիջումների կգնա։ Ես դեռ չեմ տեսնում նման պատրաստակամություն», - ընդգծեց նա։

Իսկ ինչ վերաբերում է առհասարակ բրյուսելյան հանդիպմանը, ապա Հրանտ Միքայելյանն ասաց. «Քանի որ հիմա ավելի շատ քննարկվում է ֆորմատը, այլ ոչ թե բովանդակային հարցեր, ուստի հիմնականում մրցակցության կա, թե ով և ինչպես է կարգավորելու այս հակամարտությունը»։

Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար կա Մինսկի խմբի ձևաչափը, 3+3 ձևաչափի մասին է խոսվում, եռակողմ, երկկողմ ֆորմատների և հիմա էլ՝ եվրոպական ֆորմատի։ «Բայց ցավոք սրտի չունենք օրակարգ համարյա թե բոլոր հարթակներում։ Մեր հիմնական խնդիրն օրակարգով զբաղվելն է», - եզրափակեց Հրանտ Միքայելյանը։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Սոչիում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կայացել էր եռակողմ հանդիպում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Հանդիպման արդյունքներով ընդունվել էր եռակողմ հայտարարություն, որով պետությունների ղեկավարները վերահաստատել են «2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը», պայմանավորվել են «ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։

Նոյեմբերի 19-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց էր ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ՝ նոյեմբերի 16-ի  տարածաշրջանում տիրող իրավիճակի և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների համածիրում։ «Նախագահ Շառլ Միշելն առաջարկեց հյուրընկալել նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի շրջանակներում։ Առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի համար լարվածության հաղթահարման ուղիները, որին ԵՄ-ն աջակցում է։ Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են նաև ստեղծել ուղիղ հաղորդակցման գիծ՝ համապատասխան պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման գործիքակազմ», - ասված էր Եվրախորհրդի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։