Կյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը․168․am

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

hh

Հանկարծահաս հիվանդության պատճառով անժամանակ կյանքից հեռացել է վաստակաշատ լրագրող Արա Գալոյանը։ Այս մասին հաղորդում է 168․am-ը։

«Փիլիսոփայի մասնագիտությունը Արա Գալոյանին օժտել էր կյանքի, մարդկանց, ընկերների ու շրջապատի նկատմամբ միայն իրեն բնորոշ գալոյանական վերաբերմունքով ու սիրով, որի շատ չնչին մասն էր արտահայտվում նրա՝ կրկին միայն իրեն բնորոշ ոճի հոդվածներում։

Արա Գալոյանը հիմնադրման առաջին օրից իր սյունյակն ուներ «168 Ժամում», որը, ցավոք, այլեւս լրացնելու ենք միայն Արայի մասին մեր գեղեցիկ ու տաք հիշողություններով։

Արա Գալոյանը ոչ միայն մեր թերթի, այլեւ հայկական լրագրության ակունքներում կանգնած նվիրյալ լրագրողներից է, ով մասնագիտական հմտություններից ու բարձր պրոֆեսիոնալիզմից զատ ու դրանից առաջ արժանապատիվ ու ազնվագույն, պատասխանատու քաղաքացի էր, իսկական մտավորական։

Մեր ողջ խմբագրակազմը կիսում է Արա Գալոյանի ընտանիքի անդամների՝ կնոջ, դուստրերի, նրա հարազատների ու ընկերների կորստյան ծանր վիշտը։

Արային մենք միշտ կարոտով հիշելու ենք իր վարակիչ ծիծաղով ու անսահման բարությամբ, հավատավոր քրիստոնյայի առաքինությամբ ու գյումրեցու նուրբ հումորով»,- գրում է 168․am-ը։

Տեսանյութեր