Ավելի մոտ հաճախորդին. Ակբա բանկը գործարկել է Business Tab հավելվածը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Շուտով գյուղատնտեսական կամ բիզնես վարկ ձևակերպելու համար բանկ այցելելը պարտադիր չի լինի: Ակբա բանկը գործարկել է նոր՝ Business Tab հավելվածը, որի միջոցով հնարավոր է տեղում՝ թաբլեթի միջոցով իրականացնել վերլուծություն և հաճախորդին ֆինանսավորում տրամադրել առանց բանկ այցելելու:

Բանկը շարունակում է զարգացնել բիզնեսի թվային և նորարարական գործիքները՝ հաճախորդների և գործընկերների համար բանկային ծառայությունները դարձնելով առավել հարմար, շահավետ և արագ: Ամեն ինչ րոպեների ընթացքում:

«Business Tab հավելվածը նախատեսված է բանկի աշխատակիցների համար, բայց միտված է հեշտացնելու հաճախորդների կյանքը: Ընդհանուր առմամբ մեր լուծումները ուղղված են նրան, որ մեր հաճախորդների և բանկի շփումն ավելի դյուրին դառնա՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտի համար, որպեսզի բանկ-հաճախորդ շփման տարածությունը փոքրանա: Business Tab գործիքի միջոցով մեր հաճախորդներին առաջարկում ենք, որ վերլուծությունների գործընթացն իրականացվի ոչ թե բանկ գալով, այլ իրենց տնտեսություններում՝ տեղում ստանալով բանկի որոշումն ու  ոչ մի րոպե չկտրվելով աշխատանքից»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Ակբա բանկի Business Tab հավելվածը գյուղատնտեսության ֆինանսավորումը կդարձնի ավելի արագ և հարմար: Խնայված ժամանակը մեր գյուղատնտեսները կարող են օգտագործել իրենց տնտեսությունների համար»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և գյուղատնտեսական պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար  Սուրեն Հովհաննիսյանը:

Բանկը Business Tab հավելվածը ներկայացրել է Earlyone ընկերության հիմնադրման հինգամյակին նվիրված կոնֆերանսին: Earlyone-ն օգնում է խուսափել հերթերից և խնայել ժամանակը. Ակբան Earlyone-ի առաջին գործընկերներից է։

«Ակբա բանկի հետ համագործակցում ենք շատ վաղուց: Ակբան մեր առաջին հաճոխորդներից է, ով հավատացել է Earlyone-ի գաղափարին ու առաջիններից ենք, որ ստեղծել են թիքետը, որն ինտեգրված է acba digital հավելվածում»,- նշում է Earlyone ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը:

Business Tab-ի միջոցով կազմվում է էլեկտրոնային պայմանագիր և ստորագրումից հետո վարկային միջոցները փոխանցվում են  տնտեսվարողի հաշվեհամարին: Գյուղատնտեսական ոլորտի տնտեսվարողները և փոքր ու միջին ձեռնարկությունները Business Tab հավելվածի միջոցով ստանալով ֆինանսավորում՝ էականորեն կխնայեն իրենց ժամանակը։