Վանո Սիրադեղյանի աճյունը դեռ Հայաստանում չէ․ հուղարկավորության հանձնաժողովն անգամ նիստ չի արել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարական

Պետական գործիչ, գրող, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանի աճյունը դեռ չի տեղափոխվել Հայաստան։

«Չեմ կարող հստակ ասել՝ ինչ խնդիրներ կան», - 24News-ին ասաց Սիրադեղյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը։

Կրտսեր որդին փոխանցեց, որ Սիրադեղյանի հուղարկավորության հանձնաժողովը դեռևս նիստ չի գումարել։ «Որ նիստ լինի, տեղյակ կլինեք, այսինքն՝ կհանրայնացնենք», - նշեց նա։

Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը մահացել է արտերկրում, հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկանում։

Սիրադեղյանի հուղարկավորության հանձնաժողովը ստեղծվել է նոյեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Համաձայն որոշման՝ այն գլխավորում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը, «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Վահե Խաչատրյանը, Սիրադեղյանի ընկեր, լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հ․ Պողոսյանը և սիրադեղյանի կրտսեր որդին՝  Խաչատուր Սիրադեղյանը։

--00--ԿԿ