Ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով սկսված մարտերն ընթացել են Սև լճի՝ Սիսիանի հատվածում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակական

Սև լճի մեր հատվածի մասով բախումների վերաբերյալ ինֆորմացիա չենք ստացել։ Անընդհատ կապի մեջ ենք, որևէ խնդիր չկա։ Այս մասին 24News-ին ասաց Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։

Ըստ նրա՝ նոյեմբերի 16-ին, 13։00-ի սահմաններում ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով սկսված մարտերն ընթացել են Սև լճի՝ Սիսիանի հատվածում։ ։

«Սև լճի հատվածը երկայնքով՝ մինչև Իշխանասարի հատվածներով, բավականին երկար տարածություն է։ Կոնկրետ մեր տարածքում խնդիր չի եղել, խնդիրները Սիսիանի հատվածում էին», - նշեց փոխհամայնքապետը։

Իրինա Յոլյանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերի օրը Գորիս համայնքի բնակչությանը տարհանելու անհրաժեշտություն չի առաջացել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ դեռ հստակ տվյալներ չկան, հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։

Նույն օրը պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք էր բերվել կրակի դադարի համաձայնություն, ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել էր։ 

ՊՆ նոյեմբերի 17-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ «Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ», - ասված էր ՊՆ հայտարարության մեջ։

--00--ԿԿ