Մի անգամ երեխաների հետ գնացել, տեսել ենք․ Նորայր Միրզոյանի կինը՝ ամուսնուն տեսակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակական

Մի անգամ երեխաների հետ գնացել, տեսել ենք, ոչինչ, լավ է, տեսել եմ, նորմալ է։ Այս մասին 24News-ին ասաց նոյեմբերի 13-ի առավոտյան ադրբեջանցի զինվորականների ուղղությամբ նռնակ նետած, ազատամարտիկ Նորայր Միրզոյանի կինը՝ Սուսաննան։

«Ոչինչ նորմալ է իրեն զգում։ Դեռ հարցաքննում են», - ասաց նա ամուսնու առողջական վիճակի վերաբերյալ։

«Ուզում եմ՝ ամուսինս շուտ գա տուն։ Ե՞րբ կլինի, ո՞նց կլինի, դա չգիտեմ», - հավելեց տիկին Սուսաննան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Արցախի բնակիչ, ազատամարտիկ Նորայր Միրզոյանը Շուշիի ճանապարհին հերթապահություն իրականացնող ադրբեջանցի զինծառայողների ուղղությամբ նռնակ էր նետել, իսկ հետո հանձնվել ռուս խաղաղապահներին։

Միջադեպի հետևանքով մի որոշ ժամանակով փակվել էր Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը, իսկ քիչ հետո՝ բացվել։ Անդրադառնալով միջադեպին՝ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունն այդ օրը հայտարարել էր, որ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին` Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է»։

Այսօր Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առավոտյան այցելել է Նորայր Միրզոյանին, «որը կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ»:

«Հետաքրքրվել եմ առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Այնուհետև հանդիպել եմ նաև Ն.Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է: Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ` դուք դրանով միայն վնասում եք Նորայրին և ավելորդ անհանգստություն պատճառում նրա ընտանիքին», - գրել է Ստեփանյանը:  

--00--ԿԿ