Քննարկվել են ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների տեսչական գործառույթների իրականացմանն առնչվող խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

․

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է հանդիպում-քննարկում՝ միգրացիոն խնդիրների շուրջ։ Հանդիպմանը մասնակցել են տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, ՏՄ մասնագետներ, Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) միջազգային փորձագետ Կլաուս Ֆոլդենը, ՄՄԿ ներկայացուցիչներ Մարկո Պելեգրինին, Ալեքսեյ Պետրոսյանը և Կարինե Խոջոյանը։

Հանդիպման մասնակիցներին ողջունել է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը՝ նշելով, որ տեսչական մարմինն ակտիվորեն աշխատում է միջազգային կառույցների հետ, մասնավորապես՝ էլեկտրոնային ու թվային գործիքների ներդրման ուղղությամբ։ Հ. Ավագյանը կարևորել է աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանությունը՝ օրինակ բերելով, որ այս տարի Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են եղել Հնդկաստանից եկած միգրանտների խնդիրները։

«Մենք մեծ քանակի աշխատանքային միգրանտներ ունենք Ռուսաստանի Դաշնությունում։ Այս տարի ստանձնելով ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի նախագահությունը, նախաձեռնել ենք մինչև տարվա վերջ ներդնել աշխատանքային միգրանտների վեճերի փոխճանաչելիության մեխանիզմ, այսինքն՝ եթե ՀՀ քաղաքացին իր աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիր է ունենում ՌԴ-ում, հնարավորություն է ունենալու դիմել մեզ, իսկ մենք կարող ենք դիմել Ռուսաստանի աշխատանքի տեսչությանը»,- ասել է Հ. Ավագյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների շրջանում տեսչական գործառույթների իրականացմանն առնչվող խնդիրները, տեսչական մարմնի հիմնական գործառույթները և մոտեցումները։

--00--ԱՀ