Իշխան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝  ընտրություններից հետո՝ առանց ԿԸՀ-ի ու ԱԺ-ի համաձայնության

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Իշխան Զաքարյան

ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի վերաբերյալ քրեական գործի մասին «Փաստինֆո»-ն հայտնել էր օրեր առաջ՝ նշելով, որ հենց քրեական գործի առկայությամբ է պայմանավորված Զաքարյանի՝ «ճամբարափոխ» լինելը։ Իշխանությունները հատուկ բանագնացի միջոցով հասկացրել են, որ կամ պետք է դուրս գա ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որի ցուցակով ընտրվել էր պատգամավոր, կամ էլ նրան կնստեցնեն։ Ընդ որում՝ հարցը դրվել է այնպես, որ նա չպետք է մանդատը վայր դնի ու պետք է մնա որպես լրացուցիչ «կոճակ սեղմող»՝ իշխանությունների համար քաղաքական նշանակություն ունեցող հարցերի քվեարկության համար։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ քրեական գործի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու, ինչպես նաև՝ մանրամասներ պարզելու համար։ Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե երբ է հարուցվել քրեական գործը և ինչ դեպքի առթիվ, արդյոք քրեական գործով մեղադրանք առաջադրվել է Զաքարյանին, թե ոչ, արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրել է՝ Զաքարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Արդյունքում՝ հաստատվել է, որ Ի.Զաքարյանին առաջադրվել է մեղադրանք, ընդ որում՝ ընթացակարգերի կոպիտ խախտմամբ։

Այսպես, Դատախազությունից հայտնել են, որ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում Իշխան Զաքարյանի և մյուսների վերաբերյալ նախապատրաստված նյութերը 2020թ սեպտեմբերի 17-ին ուղարկվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ, որտեղ 2020թ սեպտեմբերի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, որն իրականացվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով ), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստացում), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք ) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը) հարուցվել է քրեական գործ։

Ըստ դատախազության՝ նշված քրեական գործով նախաքննությամբ ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցության հիման վրա Իշխան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Բացի այդ, դատախազությունից նաև հաստատել են մեր տեղեկությունն առ այն, որ քննության ընթացքում կալանք է դրվել նաև Ւշխան Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վրա։ Նախաքննությունը շարունակվում է։
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ի.Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ արդեն ակնհայտ էր, որ նա ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ առանց ԱԺ-ի համաձայնության։ Ավելին, անգամ ԿԸՀ-ն չի տվել իր համաձայնությունը։

Մեր այն հարցին, թե արդյոք նրա պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազը ներկայացնելու է՝ դատախազությունը պաշտոնական գրությամբ հայտնել է. «ՀՀ նախաքննական մարմիններում քննվող քրեական գործերով, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԺ դիմում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններում։ Տվյալ պարագայում Ի. Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է 2021թ. հուլիսի 19-ին, մինչև նրա՝ որպես ԱԺ պատգամավոր գրանցվելը և մանդատ ստանալը և ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետների սկիզբը»։

Նշենք, որ Զաքարյանի՝ որպես պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիության հաղթահարման հարցը իրավապահների օրակարգում եղել է, ու փորձել են դա անել ԿԸՀ-ի միջոցով, սակայն ԿԸՀ-ում միջնորդությունը չեն բավարարել։ Դատախազությունը ԿԸՀ դիմել է հուլիսի 19-ին՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ձեռք բերելու համար, սակայն ԿԸՀ-ն վերադարձրել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ Զաքարյանը պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ձեռք է բերել մայիսի 31-ին, որը տարածվում է մինչև հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածը, հետևաբար, ԿԸՀ իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալը: Միևնույն ժամանակ ԿԸՀ-ն նշել է, որ նման լիազորություն տրված չէ նաև որևէ այլ մարմնի։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու վերաբերյալ որոշումը կայացրել է 2021 թվականի հունիսի 27-ին ՝ ընդունելով որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին: Ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը: Ի Զաքարյանը զբաղեցնում էր «Պատիվ ունեմ» դաշինքի 4-րդ հորիզոնականը, եւ համարվում էր ընտրված պատգամավոր։

Ակներեւ է, որ նրան մեղադրանք է առաջադրվել գործող Սահմանադրության կոպտագույն խախտմամբ՝ առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու եւ նա անօրինականության դեմ պայքարելու փոխարեն նախընտրում է դառնալ գործիք՝ երկիրը մասնատող իշխանությունների ձեռքին։

--00--ԱՀ