Բարձրավանում ուսուցիչներին տեղափոխող մեքենաները ժամը 8։00-ի փոխարեն 2 ժամ ուշ են հասել․ Յոլյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակական

Այլընտրանքային ճանապարհները բավականին դժվարանցանելի են, և քանի որ մենք ընդամենը երեկ ուշ երեկոյան հեռուստատեսությամբ իմացանք [ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հարցազրույցից], որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական անցակետ է տեղադրվում, Որոտանում ուսուցիչներն այսօր մի քանի ժամ ուշ են կարողացել տեղ հասնել։ Այս խնդիրը կա նաև Բարձրավանում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը՝ անդրադառնալով Բարձրավանում ճանապարհի հետ կապված խնդրին։

Յոլյանը նշեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը փակ է, այլընտրանքային ճանապարհներն օգտագործվում են, որոնք սակայն ոչ այնքան բարեկարգ վիճակում են։ «Հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, բայց դա ավելի շուտ էր պետք անել՝ եղանակային պայմաններով պայմանավորված», - ընդգծեց նա։ 

«Այլընտրանքային ճանապարհները գրունտային չեն, այնտեղ հողային աշխատանքներ են իրականացվում, բավականին դժվարանցանելի ճանապարհներ են և հետևաբար խնդիրներ են ստեղծում՝ ինչպես հումանիտար, այնպես էլ կրթության ոլորտի հետ կապված։ Առավոտյան ուսուցիչներին տեղափոխող մեքենաները ժամը 8։00-ի փոխարեն 2 ժամ ուշ են հասել», - ասաց Գորիսի փոխհամայնքապետը։

Յոլյանը դժվարացավ նշել, թե երբ պատրաստ կլինեն այլընտրանքային ճանապարհները։ «Երբ որ մենք ամիսներ շարունակ բարձրաձայնում էինք այս ճանապարհների մասին և ասում, որ այլընտրանքային ճանապարհները պետք է բարեկարգ տեսքի բերվեն, մտահոգությունները կապված էին դրա հետ», - եզրափակեց Գորիսի համայնքապետի տեղակալը։

--00--ԿԿ