Հայկ Կոնջորյանը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24 News

կոնջորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկու երկրների հարաբերություններում: Նա բարձր է գնահատել Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում:

Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցին: Խմբակցության ղեկավարը խոսել է նաև Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, որոնց հետևանքով հոկտեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ, կան նաև վիրավորներ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:

Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ոլորտներում, իսկ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափն էապես կարող է նպաստել արդյունավետ փոխգործակցության խորացմանը:

--00—ՄՀ