Փոխվարչապետի գրասենյակը հաստատեց. ԵԱՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի պաշտոնավարումը դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6 ,  24 News

․
«Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատվեցին. ԵԱՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը չի շարունակի պաշտոնավարել։ Ավելին, արդեն որոշվել է, թե ով է պաշտոնավարելու նրա փոխարեն։ Կառավարությունում գտել են նրան հետ կանչելու ավելի մեղմ տարբերակ՝ հնարավորություն է տրվել, որ նա ներկայացնի աշխատանքից ազատվելու դիմում։ 

Դեռեւս նոյեմբերի 1-ին էինք գրել, որ օրակարգում է իր պաշտոնավարման առաջին օրվանից տարաբնույթ սկանդալների կենտրոնում հայտնված Գեղամ Վարդանյանին հետ կանչելու հարցը։ Նույն օրը դիմել էինք նաեւ պաշտոնական մարմնին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, մեկնաբանության խնդրանքով, սակայն ր միայն օրեր անց ստացանք պաշտոնական պատասխան, որով հաստատել են, որ նրա լիազորությունների վերջնական դադարեցումն ընդամենը օրերի հարց է, որոշումներն արդեն պատրաստ են։

«Գեղամ Վարդանյանը հայտնել է ՀՀ Կառավարությանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (Նախարարի) պաշտոնում լիազորությունների դադարեցման մտադրության մասին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում»,- ասված է գրասենյակի պատասխանում։

Ավելին, հայտնի է նաև, թե ով է փոխարինելու նրան։ Այս պահին քննարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Վարոս Սիմոնյանին նույն պաշտոնում նշանակելու հարցը։

«Ս.թ. հոկտեմբերի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառվել և ընդունվել են Գեղամ Վարդանյանի՝ որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (Նախարարի) պաշտոնում լիազորությունների դադարեցման և Վարոս Սիմոնյանին նույն պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշումները»,- ասված է Մհեր Գրիգորյանի գրասենյակի պատասխանում։

Վարոս Սիմոնյանը փոխնախարարի պաշտոնից ազատվել է հոկտեմբերի 21-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։

Հավելենք, որ վերոնշյալ որոշումները ներկայումս գտնվում են ստորագրման փուլում և ուժի մեջ կմտնեն ու կհրապարակվեն ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ղեկավարների ստորագրումից հետո:

Ի դեպ, նոյեմբերի 1-ին մեր հրապարակման մեջ նաեւ նշել էինք, որ Գ.Վարդանյանը 44 օրյա պատերազմից հետո միջազգային այդ կառույցում աշխատանքի է ընդունել ռուսաստանաբնակ ադրբեջանցու, ապա ուղարկել ֆիզարձակուրդ։ Ասել է թե՝ Գ.Վարդանյանն իր պաշտոնն օգտագործելով ծառայություն է մատուցել ադրբեջանցուն՝ հնարավորություն տալով բարձր աշխատավարձով հղիության արձակուրդ գնալ։ Այս տեղեկատվության հետ կապված պաշտոնական արձագանք, մեկնաբանություն «Փաստինֆո»-ն դեռ չի ստացել։

--00--ԱՀ