Մարդկանց պետք ա փրկել․ հիվանդանոցներում տեղ չկա, մարդիկ մահանում են․ պատվաստվեք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:

Նա ասաց, թե դպրոցներում արձակուրդների երկարացումն ու բուհերի՝ դասերին առցանց անցնելը որոշակի դրական միտումներ է ցույց տվել:

«Հիվանդացության առումով նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերի առումով», - ասաց նա:

Նախարարը նշեց, որ մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ լարված, սակայն հոսպիտալացման սպասող քաղաքացիների թվի նվազում կա:

Ինչ վերաբերում է պատվաստումներին, նա ասաց, որ Հայաստանում պատվաստվել է 852 հազար 355 քաղաքացի:

«Պետք է ասեմ, որ «Մոդեռնա» պատվաստանյութի ստանալուց հետո մենք փոփոխություն իրականացրեցինք հրամանի մեջ ու 12 տարեկանից բարձր երեխաները հնարավորություն ունեն ստանալ պատվաստում, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ, կա հետաքրքրություն, արդեն մոտ 50 երեխա է պատվաստվել», - ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստված է ընդամենը 97-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե պատվաստված պետք է համարել այն քաղաքացիներին, որոնք երկու դեղաչափն են ստացել:

Նրա խոսքով՝ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է. եթե տանը սպասող մարդ կա, դա նշանակում է, որ հիվանդանոցներում տեղ չկա:

«Հետևաբար, մարդիկ մահանում են, ամեն օր ահազանգեր են, ամեն օր շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում: Սրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել, մենք լոքդաուների չենք գնալու, ուզում եմ սա հստակ արձանագրենք», - ասաց ՀՀ վարչապետը:

Նա հայտարարեց՝ պետք է մարդկանց փրկել ու այդ փրկության միջոցը կա:

«Խնդրում ենք, կոչ ենք անում պատվաստվել: Վարչական լծակները նույնպես կարևոր են, դրանք գործի ենք դնելու, բայց, ընդհանուր առմամբ, մարդկանց խնդրում ենք, որ օգնեն մեզ, որ կարողանանք օգնել իրենց», - ասաց Փաշինյանը:

--00--ԿԿ