Վաղն էլ Փաշինյանը կասի՝ Ջերմուկից եմ տարածքներ տալիս, միայն պատերազմ չլինի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

«Պատերազմի օրերին առաջարկ եղել է ստեղծել ռազմաքաղաքական շտաբ, որտեղ կընդգրկվեին նախկին նախագահներ, վարչապետներ, Պաշտպանության նախկին նախարարներ և գլխավոր շտաբի ղեկավարներ, որոնք ունեին փորձ։ Այն անհասկանալի պատճառներով չստեղծվեց, հավանաբար իշխանությունը մտածում էր իր աթոռը պահելու, ոչ թե պատերազմում հաղթելու մասին: Միգուցե մեր անկեղծ առաջարկի մեջ, ի դեպ, չէին ներառվելու դաշնակցական անդամներ, իշխանությունը տեսավ սպառնալիք։ Արդյունքում իշխանությունը մնաց, բայց Արցախի 70 տոկոսը կորցրեցինք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արթուր Խաչատրյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե դեկտեմբերի 18-ին Կովսականի և Սանասարի հատվածներից հետ քաշվելու հրաման չտրվեր պատերազմ կլիներ, պատգամավորն ընդգծեց, որ երբ ստեղծվի պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, պետք է քննվի, թե այդ որոշումը Նիկոլ Փաշինյանն ինչի՞ հիման վրա է տվել։

«Դեկտեմբերին ադրբեջանցիները խախտեցին նոյմբերի 9-ի պայմանավորվածությունը, երբ հարձակվեցին Հադրութի վերջին երկու գյուղերի՝ Խծաբերդի ու Հին թաղերի վրա և ունեցանք 1-ից ավել զոհ, 60-ից ավելի գերեվարված զինվորներ, որից հետո ադրբեջանցիներն  անհասկանալի, չհիմնավորված պատճառաբանությամբ հայտնվեցին սահմանին, ոչ թե կռվով հասան, այլ հայկական զորքերը և կամավորական ուժերը հետ քաշվեցին: Կառավարոթյունը ասում է՝ սահմանազատում, սահմանագծում ենք իրականացնում, դրա համար զորքերը հետ ենք քաշելու, բայց պետք է սահմանագծում իրականացվի, հետո զորքերը հետ քաշեն։ Եթե քարտեզներով պարզվի, որ ադրբեջանցիներն իրավունք չունեն գտնվել ճանապարհին, պարզ է չէ՞, որ դուրս չեն գալու: Կամ ի՞նչ է նշանակում Սյունիքից հատվածներ են տրվել, որ պատերազմ չլինի, վաղն էլ կարող է ասի՝ Ջերմուկից տամ, որ պատերազմ չլինի: 

Ադրբեջանի ախորժակը մեծ է, չեն թաքցնում։ Մոտեցումը, թե տվել եմ, որ պատերազմ չլինի, անհասկանալի է»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։