ԱԺ նախագահն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:

ԱԺ նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ վստահություն հայտնելով, որ դեսպանի առաքելությունը նոր լիցք կհաղորդի բարեկամական կապերին:

Հանդիպմանը կարեւորվել է միջխորհրդարանական բազմակողմ համագործակցությունը, որին իր նպաստը կբերի միջխորհրդարանական բարեկամական խմբերի արդյունավետ գործակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել Ազգային ժողովում ձեւավորված հայ-իտալական բարեկամական խմբի ծրագրերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հատկանշական է համարել հայ-իտալական խորհրդարանական օրակարգերի կյանքի կոչումը:

Կողմերը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ այլ անձանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը երախտագիտությամբ ընդգծել է Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւի կարեւորությունը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Հանդիպմանը արձանագրվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում հայ-իտալական արդյունավետ համագործակցությունը:

--00--ԱԹ