ՔՊ-ն դատարան է դիմել Տաթևի ընտրություններում ձախողվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Քաղաքական

Տաթև համայքնում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել է վարչական դատարան՝ քվեների վերահաշվարկի հետ կապված, և որոշ պլաններ փոխվել են։ Այս մասին 24News-ին ասաց «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը։

Սյունիքի մարզի Տաթև համայնքում տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում ավագանու անդամների մանդատների թիվը բաշխվել է հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցություն՝ 7 մանդատ, «Շանթ դաշինք»՝ 6, «Ապրելու երկիր»՝ 2 մանդատ։

Շահեն Հարությունյանն ասաց, որ քննարկումներ են ունեցել  «Ապրելու երկիր» կուսակցության հետ։

«Ընդհանուր առմամբ, պազ է, որ ՔՊ-ն մեծամասնություն չի կազմել։ Որոշակի բանակցություններ կան «Ապրելու երկիր» կուսակցության հետ, որպեսզի տեսնենք՝ արդյո՞ք հեռանկարներ կան կոալիցիա կազմելու։ Բայց մի քիչ պլանները փոխվեցին, որովհետև ՔՊ-ն դիմել է վարչական դատարան՝ քվեների վերահաշվարկի հետ կապված։ Վաղը երեկոյան ժամը 19․00-ին նիստ պետք է լինի վարչական դատարանում, ու ըստ այդմ՝ արդեն պարզ է լինելու հետագան։ ՔՊ-ի ուզածն այն է, որ մեկ ձայն ավելացվի իրենց, ձայների տոկոսային հարաբերությունը դարձնեն 50/50՝ ընդդիմություն/իշխանություն։ Այդ դեպքում էլ ՔՊ-ն չի ձևավորի մեծամասնություն, բայց համենայնդեպս հավասարություն կլինի, ու, երևի թե, նոր ընտրությունների անհրաժեշտություն կլինի կամ երկրորդ փուլի։ Արդեն կախված է, թե ընտրական օրենսգիրքն այդ դեպքում ինչ է նախատեսում», - նշեց Հարությունյանը։

Քաղաքական գործիչն ընդգծեց, որ պատրաստ են ամեն ինչ անել, որ ՔՊ-ն մեծամասնություն չկազմի համայնքային իշխանությունում։ «Հիմա տեսնենք՝ դատարանն ինչ որոշում  է կայացնելու այդ քվեի հետ կապված, դրանից հետո արդեն կորոշենք։ Որովհետև յուրահատուկ դեպք է, երբ մեկ քվեն որոշում է ընտրությունների ելքը։ Քանի որ մենք 1 քվեով ենք առավել ՔՊ-ից, իրենց 1 քվե է անհրաժեշտ։ Եթե իրենք այդ 1 քվեն ապահովում են ու ապահովում են հակաօրինական տարբերակով, այդ դեպքում գուցե մենք նույնպես վիճարկենք ամբողջ ընտրությունների ելքը, գնանք նոր ընտրությունների՝ վստահաբար ավելի լավ արդյունք ունենալու համար», - հավելեց նա։ 

Հարցին, թե ի՞նչ ազդակներ են ստանում «Ապրելու երկիր» կուսակցությունից, արդյո՞ք պատրաստ են կոալիցիա կազմել, պատասխանեց․ «Ասեմ, որ բանակցություններն ընդհանուր առմամբ դրական ֆոնի վրա են ընթանում։ Այս պահին բանակցություններ չկան, եղել են երկու օր շարունակ։ Բանակցություններ չկան կապված դատական պրոցեսների հետ։ Վերջնական հանգուցալուծումը կլինի ու արդեն կհասկանանք՝ միասին գնո՞ւմ ենք կոալիցիոն իշխանություն վերցնելու, թե՞ չենք գնում»։

Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնակատար և համայնքապետի ՔՊ թեկնածու Արթուր Մաթևոսյանը 24News-ին ասաց, որ խորհրդակցության է, և ժամանակ չունի։ Հարցին, թե ո՞ւմ հետ հնարավոր կլինի խոսել ընտրությունների թեմայով, պատասխանեց․ «Ես չգիտեմ»։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը 24News-ի հետ զրույցում հաստատեց, որ քննարկումներ են ունեցել «Շանթ դաշինք»-ի հետ։

«Ամեն դեպքում այս պահին տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կա ընդունված որոշում՝ համապատասխան մանդատներով։ Եվ ուժերից ոչ մեկը մեծամասնություն չի կազմել, հետևաբար ավագանու կողմից է ընտրվելու համայնքի ղեկավարը։ Այդ մասով մենք քննարկումներ ունենք և որոշ դետալային ճշգրտումներից հետո կունենանք դիրքորոշում», - եզրափակեց Առաքելյանը։

--0--ԿԿ