Կորոնավիրուսային պատվաստումից հրաժարված քաղաքացիների բուժումը կարող է վճարովի դառնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

hhh

Առաջապահության նախարարությունը նախատեսում է կորոնավիրուսային պատվաստումից հրաժարված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնել։

Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Հնարավոր է, որ փոփոխությունների փաթեթն ուժի մեջ մտնի դեկտեմբերի 1-ից։

«Սա նորություն չէ, արդեն մեկ ամիս է՝ մի շարք խստացումների հավանականությունը քննարկում ենք, ժամկետն էլ է պայմանական։ Տրամաբանությունն այսպիսին է․ եթե պետությունն անվճար տրամադրում է պատվաստանյութ, որն անգամներ նվազեցնում է հոսպիտալացման, հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը, այդ մարդիկ անվճար պատվաստանյութից հրաժարվում են, հնարավոր է, որ իրենց՝ քովիդով բուժումը դառնա վճարովի», - մանրամասնեց Խաչատրյանը։ 

Քննարկվում է նաև կորոնավիրուսի թեստ հանձնելու վերջնաժամկետը 14-ից մինչև 10 օր կամ  7 օր կրճատելու հարցը։ «Վարակի արտահայտման առավելագույն ժամկետը 14 օր է, նվազագույնը՝ 3 օր։ Մենք ընտրել ենք առավելագույնը, հնարավոր է, որ այդ ժամկետն էլ փոխվի․ 10 օր կամ 7 օր դարձնենք», - ընդգծեց Հռիփսիմե Խաչատրյանը։  Նախարարության ներկայացուցիչը չբացառեց, որ 10 կամ 7 օր դարձնելուց հետո նաև քննարկվի  3 օր դարձնելու հարցը։  

Ըստ նրա՝ անվճար պատվաստումները սրան զուգահեռ շարունակվելու են։ «Մենք ամեն ինչ անում ենք, որ նոր դեղաչափեր բերենք, որ պատվաստանյութի պակասորդ չլինի, երկկողմանի բանակցություններ ենք վարում առանձին երկրների հետ, բանակցությունները վարում ենք նաև «Կովաքս» հարթակով»։

Նախարարությունը նախատեսում է, որ հանրային վայրերի  մուտքերի մոտ պետք  է լինեն կորոնավիրուսի բացասական ՓՇՌ թեստի առկայություն կամ պատվաստման վկայական։ «Այն վայրերը (համերգասրահներ, ռեստորաններ և այլն), որտեղ մարդկային շատ կուտակումներ են հնարավոր, այդտեղ, քննարկվող սցենարեին մեկի համաձայն, մուտքը պետք է լինի ՓՇՌ թեստը  բացասական արդյունքի կամ պատվաստման վկայականի առկայությամբ», - եզրափակեց ԱՆ մամուլի խոսնակը։

--0--ԿԿ