Տունը լիքն էր թմրանյութով. Գորիսում կատարված խուզարկության հետքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 23-ին խուզարկություն է կատարվել Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի մի բնակարանում: Տան տարբեր տեղերից հայտնաբերվել են թմրանյութեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ննջասենյակի մահճակալի ներքնակի տակ հայտնաբերվել է երեք փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 7 գրամից ավելի քաշով: Մեկ այլ մահճակալի վրա՝ արկղի մեջ, հայտնաբերվել է երկու փաթեթ՝ ընդհանուր շուրջ 9 գրամ նույն զանգվածից: Մահճակալի տակ հայտնաբերվել է պոլիէթիլենային երկու տոպրակ՝ ընդհանուր 30 գրամից ավելի, իսկ հյուրասենյակում՝ 3 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված:

Պատշգամբի պահարանից էլ հայտնաբերվել են 15 գրամից ավելի կանաչավուն և 27 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն մարիխուանայի նմանվող զանգվածներ, իսկ պահարանին դրված զամբյուղում` չորացված տերևներ ու ճյուղեր՝ 15 գրամից ավելի քաշով:

Նույն հասցեում հաշվառված 47-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է:

Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Գորիսի քննչական բաժին:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

--00--ԱԹ

Տեսանյութեր