Տնտեսական էֆե՞կտ, թե՞ պոպուլիզմ. Նոր տարվա արձակուրդները հանվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Ազգային ժողովն այսօր քննարկում էր  «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել է կառավարությունը։

Կառավարությունն առաջարկում  է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր։

Խորհրդարանում նախագիծը ներկայացրեց հիմնական զեկուցող Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Քերոբյանի հետ հարցուպատասխանի  ժամանակ նշեց, որ բազմաթիվ գործարարներ դժգոհ են կառավարության նախատեսած փոփոխություններից։

Ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ ռեստորանները և հյուրանոցներն ուրախ են, որովհետև ակնհայտ է, որ մարդկանց մեծ մասը տոներին կմնա Հայաստանում և չի մեկնի արտերկիր և դա հնարավորություն կտա ճամփորդել երկրի մեջ։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատման արդյունքների՝  5 լրացուցիչ աշխատանքային օրերի դեպքում այլ հավասար պայմաններում համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով,  համախառն թողարկման ծավալը՝ 123 մլրդ դրամով, որից առևտրի թողարկումը՝ 47․5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը՝ 35․4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը՝ 33․9 մլրդ դրամով, գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները՝ համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով։

Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ նախագիծը պոպուլիստական է, իսկ հնարավոր աճի մասին թվերը՝ մտացածին և հիմնազուրկ։ 

24News-ը քաղաքացիներից նույնպես հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում Ամանորի հանգստյան օրերի հնարավոր կրճատմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։