25-ամյա երիտասարդը տասնյակից ավելի գողություն և գողության փորձ է կատարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության և Աշտարակի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 21-ին Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերեցին ու, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկեցին Բաղրամյան գյուղի 25-ամյա մի բնակչի:

Պարզվել է, որ նա եղբոր ու երկու ընկերների հետ 2019-ից 2021 թվականը հանրապետության տարբեր մարզերում մեկ տասնյակից ավելի գողություն ու գողության փորձեր է արել։ Մասնավորապես, 2019 թվականի դեկտեմբերին գողություն է արել Ագարակ գյուղի երեք վաճառակետերից: Օրեր անց Ուշի գյուղի ավտոմեքենաների խոտանման կետից հափշտակել էին գազաբալոն։ Օհանավան գյուղի ավտոտեխսպասարկման կետից էին փորձել գողություն անել, բայց ձայնազդանշանային համակարգը միացել էր, փախել էին։ 2020 թվականի նոյեմբերին Արշալույս գյուղի մի վագոն-տնակից արհեստագործական ու գյուղատնտեսական գործիքներ էին գողացել։ 2021 թվականի գարնանը

Վանաձորում «ՎԱԶ-21015» մակնիշի մեքենա էին գողացել և վաճառել Դարակերտ գյուղում։ Շենգավիթ համայնքի արագ սննդի մի կետից փող էին գողացել, նույն համայնքի հեռուստացույցների նորոգման կետից՝ 9 հեռուստացույց։ Փորձել էին գողություն անել Երևանի Արին-Բերդի փողոցի ավտոլվացման կետից, բայց դրամարկղերում փող չէր եղել։ Չէր հաջողվել նաև Գյումրիի կահույքի վերանորոգման կետից գողություն անել. դարձյալ գործել էր ձայնազդանշանային համակարգը։
Վերջին հանցադրվագը Օհանավանում էր։ Հոկտեմբերի 17-ին անասնագոմից երկու ցուլ ու երկու ոչխար էին գողացել և վաճառել մայրաքաղաքում։

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքերի հանգամանքները պարզելու և
գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։

--00--ԿԿ

Տեսանյութեր