3 անտառապահների մահվան ելքով վթարի միակ վիրավորն ասել է, որ ինքն է եղել ղեկին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

2021 թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 32-ամյա բնակիչը «ՈՒԱԶ 3163» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 37-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում, որի հետևանքով ավտոմեքենայի երեք ուղևոր մահացել է, իսկ մեկը՝ մարմնական վնասվածքներով  տեղափոխվել բժշկական կենտրոն: Այդ մասին հայտնում է ՔԿ-ն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ: Դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել է երկփողանի որսորդական հրացան՝ վնասված վիճակում: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել  է բժշկական կենտրոն տեղափոխված անձը, ով հայտնել է, որ դեպքի ժամանակ ինքն է եղել հիշյալ ավտոմեքենայի ղեկին:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ տեղեկացնլով, որ վթարված մեքենայի ուղևորները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահներն են եղել։ Նրանք գիշերային շրջայցի էին։

նկար

--00—ԼՄ