Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսին Արցախի ժողովրդին աջակցության համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

Ալեն

Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին:

Հանդիպմանը կողմերը փաստել են երկու երկրների միջեւ փոխըմբռնման ու փոխաջակցության առկայությունը, հատկապես բարձր է գնահատվել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման շուրջ: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջեւ ռազմաքաղաքական երկխոսությանը, որն իրականացվում է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հանդիպումների ընթացքում:

Խոսելով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայից՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի սկզբունքային դիրքորոշման եւ Արցախի ժողովրդին աջակցության համար՝ կարեւորելով արցախահայությանը 2020թ-ին տրամադրված մարդասիրական եւ ֆինանսական օժանդակությունը: Հիշատակվել է նաեւ 2020թ. հոկտեմբերի 9-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւի միաձայն ընդունումը: Կողմերը կարեւորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ձեւաչափում հնարավորությունների արդյունավետ կիրարկումը:

--00—ՄՀ