Գլխավոր դատախազությունում քննարկվել են Արաքս գետի ավազանում բնապահպանական խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հասարակական

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի` ՀՀ կատարած աշխատանքային այցի և ՀՀ գլխավոր դատախազի հետ Երևանում կայացած պաշտոնական հանդիպման ընթացքում իրանական պատվիրակության նախաձեռնությամբ քննարկվել էին հանքային արտանետումների պատճառով ծանր մետաղներով և քիմիական նյութերով Արաքս գետի  աղտոտվածության, դրանով պայմանավորված գետի ավազանում բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի, բնական կենսառեսուրսների պաշտպանության խնդիրների լուծման մեխանիզմներ գտնելու, այդ ոլորտում հետագա համագործակցության համար աշխատանքային ձևաչափեր մշակելու հնարավորությունները: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել խնդիրը կրկին դարձնել համակողմանի քննարկման առարկա:

Ելնելով վերոնշյալից՝ հիմնախնդրի շուրջ ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրվել և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի կողմից անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը և նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարածաշրջանում հանքերի շահագործմամբ պայմանավորված Արաքս գետն աղտոտվածությունից պաշտպանելու ուղղությամբ մինչ այժմ նաև իրանական կողմի հետ համագործակցությամբ իրականացված աշխատանքները: Հավաստիացվել է, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր պոչամբարներում արդեն իսկ տեղադրված է կեղտաջրերի փակ շրջանառու համակարգ, ինչը բացառում է գործարանի շահագործման արդյունքում դեպի գետ հոսքաջրերի՝ ծանր մետաղներով և քիմիական նյութերով ախտահարումը:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով խնդրի կարևորությունը և դրա նկատմամբ մշտական հետևողականությունը՝ խորհրդակցության արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նաև երկու երկրների դատախազությունների և իրավասու համապատասխան մարմինների համագործակցության, դրա շրջանակներում մինչ այս գետի ջրային և կենդանական ռեսուրսների, բնական միջավայրի պահպանության ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունավետությունը մշտադիտարկման ենթարկելու, գնահատելու, ինչպես նաև արդյունքում ի հայտ եկող հնարավոր խնդիրները վեր հանելու և դրանց լուծման անհրաժեշտություն առաջանալու պարագայում իրավական ներգործության կառուցակարգերի գործադրման միջոցառումներ մշակելու և իրականացնելու վերաբերյալ:

--00--ԿԿ              

Տեսանյութեր