ԵՊՀ–ն ու ՀԱԱՀ–ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

14

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Ռեկտորի աշխատասենյակում կազմակերպված հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, ՀԱԱՀ սննդագիտության և կենսատեխնոլոգիաների կենտրոնի բուսական ծագման մթերքների վերամշակման տեխնոլոգիաների բաժնի վարիչ Նարինե Հովհաննիսյանը:

ԵՊՀ-ի և ՀԱԱՀ-ի միջև ստորագրված համաձայնագրի նպատակն է համատեղ գործունեություն ծավալել մասնավորապես սննդի անվտանգության, սննդի քիմիայի և կենսատեխնոլոգիաների ոլորտում՝ սերտ համագործակցելով նաև բիզնես ոլորտի հետ:

«Մասնավոր հատվածի հետ համագործակցությունը կրթության համար ներկայումս օրվա խնդիր է, ուստի շատ ենք կարևորում բուհերի աշխատանքը: Նախատեսվում է նաև լաբորատորիաների համատեղ օգտագործում, ինչը հետազոտողների, դասախոսների և ուսանողների աշխատանքն էլ ավելի արդյունավետ կդարձնի»,- նշեց ռեկտորի ժ.պ.-ն և շնորհավորեց գործընկերոջը գիտական թեմաների պետական ֆինանսավորման կապակցությամբ:

Վարդան Ուռուտյանն ընդգծեց, որ ԵՊՀ-ն և ՀԱԱՀ-ն նախկինում էլ ակտիվ համագործակցություն էին ծավալում, սակայն այս համաձայնագիրը նոր թափ կհաղորդի գործընկեր համալսարանների փոխգործակցությանը:

«Քննարկումները ցույց են տվել, որ բավականին մեծ չօգտագործված ներուժ և հնարավորություններ կան մասնավորապես քիմիայի և կենսաբանության ոլորտում: Լավ գաղափար կա համատեղ մագիստրոսական ծրագիր մշակելու և գործարկելու վերաբերյալ, որն ուղղված կլինի սննդամթերքի վերամշակող արդյունաբերության ոլորտում կենսատեխնոլոգիաների պատրաստմանն ու համատեղ լաբորատոր աշխատանքների իրականացմանը»,- ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորը և հավելեց, որ համագործակցության նոր մեկնարկը թույլ կտա վերարժևորել, թարմացնել ու զարգացնել բուհերի միջև առկա գիտական կապերը:

--00—ԼՄ