«Kia»-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա տղային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

Հոկտեմբերի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմանում Երևանի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Շերամի փողոցում՝ ժողովորդին հայտնի լողավազանի խաչմերուկում, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա Գ. Ա․-ին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Շերամի 92/9 հասցեում գործող «Ֆիզիոթերապիա, բժշկական մերսում» սրահի աշխատակիցների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքված բնակիչները խնդրում էին Երևանի քաղաքապետարանին ու ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արագաչափ, քանի որ նախկինում եղել է, ինչի շնորհիվ վթարները նվազել էին, սակայն, երբ արագաչափը հանեցին, ավտովթար-վրաերթերի թիվն ավելացավ։ 

--00—ԼՄ