Ճանաչողական այցով Գյումրիում էր Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

Կարելին

Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 18-ին ճանաչողական այցով Գյումրիում էր Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ, Պետական դումայի պատգամավոր, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամ Ալեքսանդր Կարելինը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անվանի մարզիկն այցելել է ռուսական թիվ 19 դպրոց,  Գյումրիի նորակառույց Սպորտ-Սիթի և Գյումրու համայնքապետարանի ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց: 1958 թվականին հիմնադրված դպրոցը նախ եղել է համալիր մարզադպրոց, ապա ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոց: Հենց այս դպրոցում են իրենց քայլերն արել Օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Լևոն Ջուլֆալակյանի ու  աշխարհի եռակի չեմպիոն Օլիմպիական խաղերի չեմպիոն Մնացական Իսկանդարյանը:

«Չէի կարող չգալ այս քաղաք ու չտեսնել այն դպրոցը, որն աշխարհին այսպիսի մարզիկներ է տվել: Միշտ հետաքրքրությամբ եմ լսել, թե ինչպես է Լևոնն ու Մնացականը պատմում իրենց մարզումներ մասին: Այստեղ ունեք մարզական ավանդույթներ, որով կարելի է հպարտանալ; Միշտ սիրում եմ ասել, որ հպարտանում եմ, որ նման ընկերներ ունեմ: Վաղուց էի ծրագրել այստեղ գալ, տեսնել, թե ինչն է այդքան ուժ տվել  հայր ու որդիներ Ջուլֆալակյաններին ու Իսկանդարյանին, սա նաև առիթ էր ռուսական 102-րդ ռազմաբազային կից դպրոցն այցելելու: Ընդհանուր շատ բան ունենք: Այստեղ եղա նաև Սպորտ-Սիթիում, որի հիմնադիրը ևս իմ լավ ընկերն է՝ Հրանտ Պետրոսյանը»,- ասել է մարզիկը:

Նա պատանի մարզիկներին ներկայացրել է իր անցած ուղին, ըմբշամարտի ԽՍՀՄ թիմի մասին:  

--00--ԱԹ