Դեղատներում դանակով ավազակություն կատարողը կին էր․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հոկտեմբերի 14-ին Արմավիրի քաղաքում ավազակության երկու դեպք արձանագրվեց։ Երկու դեպքում էլ թիրախում դեղատներ էին՝ երկուսն էլ Շահումյան փողոցում գործող։ Առաջինի վերաբերյալ ահազանգը ստացվեց ժամը 18.30-ի սահմաններում, երկրորդինի՝ 20.05-ի։ Մեխանիզմը նույնն էր՝ բշկական դիմակով կինը դանակով սպառնալով՝ փող էր հափշտակել. առաջին դեղատնից ՝159 հազար, երկրորդից՝ 57 հազար դրամ։ Դեպքի վայրեր մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նախ պարզեցին, որ երկու դեպքում էլ ավազակություն կատարողը նույն անձն է։

Դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում Արմավիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ, որոնք սպասարկում են Արմավիրի մարզը։ Համատեղ աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում պարզվեց կասկածվող ինքնությունը. Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բնակվող 36-ամյա կին էր։ Նա դեպքերի հաջորդ օրը հայտնաբերվեց իրենց գյուղում ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին և ձերբակալվեց։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

--00--ԿԿ