Վերահսկողություն է իրականացվում պատվաստման կեղծ սերտիֆիկատների տրամադրումը բացառելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակական

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հավաստիացմամբ՝ Հայաստանի բոլոր բժշկական կենտրոնները պատշաճ վերահսկվում են, որպեսզի հնարավոր չլինի պատվաստման կեղծ սերտիֆիկատներ ստանալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախարարն ասաց հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Ուսումնասիրությունները միայն մեկ բժշկական կենտրոնում չեն իրականացվում, այլ ամբողջ հանրապետությունում: Բոլոր բժշկական կենտրոններում էլ վերահսկողություն է սահմանվել: Իրավապահները խիստ հսկողության տակ են պահում այդ գործընթացը: Շատ կարևոր է ճիշտ պահին հայտնաբերել դեպքերն ու կանխել, քանի որ նման ոչ իրավաչափ գործողությունները վնասարար են: Քաղաքացին, որը պատվաստման կեղծ սերտիֆիկատ է ձեռք բերել, կարող է հետո վարակվել: Այդպես աղճատվում է ամբողջ վիճակագրությունը»,-շեշտեց Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո  քաղաքացին 90 օր կարող է չպատվաստվել՝ նա տեղեկացրեց՝ հաճախ են դեպքերը, երբ քաղաքացին վարակվում է, բուժվում, սակայն բուժումից հետո դեռ մեկ կամ երկու ամիս կեղծ դրական պատասխաններ է գրանցում: Նախարարի խոսքով՝ դա նշանակում է, որ ՌՆԹ-ի մնացորդներ դեռ պահպանվում են օրգանիզմում և հնարավոր չի լինի հասկանալ պատասխանն իսկապես դրական է, թե չեն վերացել բուն հիվանդացության հետևանքները: «Այդ պատճառով էլ մասնագիտական խորհուրդը որոշել է, որ վարակվելուց հետո երեք ամսվա ընթացքում ՊՇՌ թեստի պատասխան անհրաժեշտ չէ, բայց դա չի նշանակում, որ անձը պետք է սպասի երեք ամիսն: Ախտանշանների վերանալուց 14 օր հետո նա հանգիստ կարող է պատվաստվել:

--0--ԿԿ