Արցախի և Հայաստանի ընդդիմադիր խմբակցությունները խորացնում են համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը Երևանում հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արցախի ժողովրդավարական» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանին, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի Հանրապետության անվտանգության, սոցիալական պաշտպանության ապահովմանը, ՀՀ և ԱՀ ընդդիմադիր խմբակցությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ընդդիմադիր գործիչները ընդգծել են, որ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը այլընտրանք չունի:

Հաշվի առնելով ՀՀ և ԱՀ անվտանգային մարտահրավերներին իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը՝ կողմերը պայմանավորվել են խորացնել ընդդիմադիր խմբակցությունների միջև առկա համագործակցությունը հերթական ոչ հայանպաստ օրակարգերի և պայմանավորվածությունների խափանման նպատակով:

ՀՀ և ԱՀ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները կշարունակեն միջխորհրդարանական և այլ հարթակներում քննարկումները Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման, գերիների և այլ պահվող անձանց հայրենիք վերադարձնելու, վերջին պատերազմի հետևանքով տուժածների սոցիալական վիճակի բարելավման և այլ խնդիրներին լուծումներ տալու շուրջ:

--0--ԿԿ

Տեսանյութեր