Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն է եղել. Արցախի նախագահի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Արցախա-ադրբեջանական շփման գծում օրվա ընթացքում իրավիճակը, չհաշված առավոտյան հյուսիսարեւելյան ուղղությամբ գրանցված սադրանքը, կայուն է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

«Իմ տեղեկություններով՝ իրավիճակն արցախա-ադրբեջանական շփման գծում այսօր կայուն է եղել՝ չհաշված առավոտյան հյուսիսարեւելյան ուղղությամբ գրանցված սադրանքը, բայց ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում եմ դիմել Պաշտպանության բանակ»,- հայտնեց Ավանեսյանը:

Տեղեկատվություն ստանալու նպատակով, սակայն, Պաշտպանության բանակի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Արցախի Պաշտպանության բանակն առավոտյան հայտնել էր, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

«Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- հայտնել էր Արցախի ՊԲ-ն:

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ըստ ՊԲ նախօրեի հաղորդագրություններից մեկի, ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ Պաշտպանության բանակի՝ հայկական կողմը դիրքային եւ տարածքային կորուստ չի ունեցել:

Դրանից ժամեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ էր տարածել, թե ՊԲ ուժերը կրակոցներ են արձակել ադրբեջանական ավտոշարասյան վրա, եւ իբրեւ հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է զոհվել: Արցախի Պաշտպանության բանակն ավելի ուշ տարածած հաղորդագրություններով հերքել էր ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները՝ հայտնելով, որ դրանք ապատեղեկատվություն են՝ շեշտելով միաժամանակ, որ հայկական կողմը հավատարիմ է մնում կրակի դադարեցման ռեժիմին:

--00--ԱՀ