Հայաստանի 7 մարզի 27 կոոպերատիվի կտրամադրվի շուրջ 122 գյուղտեխնիկա

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

․

Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում հիմնված «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են թվով 15 տրակտորներ և 2 ՈՒԱԶ «Ֆերմեր» մակնիշի մարդաբեռնատար մեքենաներ: Մինչև տարեվերջ Հայաստանի 7 մարզի շուրջ 27 կոոպերատիվի կտրամադրվի շուրջ 122 գյուղտեխնիկա, ընդհանուր 360 մլն ՀՀ դրամի չափով։

Գյուղտեխնիկայի հանձնման միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է. «Հիմնականում ամբողջ աշխարհում կոոպերատիվները ստեղծվում են խնդրի շուրջ, որպեսզի մարդիկ միասին հաղթահարեն ծառացած դժվարությունները։ Միավորվելով կոոպերտիվների մեջ նրանք համախմբում են իրենց ռեսուրսները, կարողություններն ու գիտելիքները, որպեսզի միասին կարողանան ավելի արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը։ Այս համատեքստում այս գյուղտեխնիկայի տրամադրումը թույլ է տալիս ոչ միայն լուծել մեկ անձի խնդիրները, այլև ապահովել գյուղտեխնիկայի հասանելիութունը համայնքում՝ նպաստելով արտադրողականության բարձրացմանը»։

ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը տեղեկացրել է, որ ծրագրի «Անասնապահության զարգացում և արոտավայրերի կայուն կառավարում» բաղադրիչի շրջանակներում ՀՀ 8 մարզի շուրջ 109 համայնքում հիմնվել են «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, որոնց տրամադրվում է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա՝ համայնքներում կենդանիների կերապահովման, ինչպես նաև կերային բազայի մակարդակը բարձրացնելու նպատակով: Ներդրումներն իրականացվում են Կառավարության և կոոպերատիվի կողմից, համապատասխանաբար 80% և 20% համամասնությամբ։

«Ծրագրի շրջանակներում իրականացում է նաև վերահսկողություն, մեր ծրագրային թիմն ունի մարզային համակարգողներ, որոնց միջոցով մենք իրականացնում ենք ամենօրյա վերահսկողություն», – հավելել է Դավիթ Մեջլումյանը։

Ծրագրի մեկնարկից (2015 թ.) մինչ այս պահը կոոպերատիվներին արդեն տրամադրվել է թվով 858 գյուղատնտեսական մեքենա, այդ թվում՝ 175 տրակտոր, 13 բեռնատար ավտոմեքենաներ, ընդհանուր գումարը կազմում է 3,15 մլրդ ՀՀ դրամ։

--00--ԱՀ

Տեսանյութեր