Կարևոր քայլ կլինի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան և Լեռնային Ղարաբաղ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հիմնական խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Այս մասին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ նպատակով մենք կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը: Վերջին ամիսներին համանախագահներն իրենց հայտարարություններում բազմիցս նշել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Համանախագահների գործունեության համատեքստում գոհունակությամբ ենք նշում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում: Մենք ողջունում և գոհունակությամբ նշում ենք ԱԳ նախարարների երեկվա հանդիպումը, որը տեղի է ունեցել Մինսկում՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ: Կարևոր քայլ կլինի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան և Լեռնային Ղարաբաղ:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանը պատրաստ է աշխատել իմ նշած բոլոր ուղղություններով: Մենք համոզված ենք, որ այս բոլոր խնդիրների լուծումը զգալի առաջընթաց կապահովի մեր տարածաշրջանում երկարատև և տևական խաղաղության պայմանների ստեղծման գործում:

Եվ պետք է նշեմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորելու նպատակով խոսակցության սկիզբը ևս մեկ գործոն է, որը կարող է կատալիզատորի դեր խաղալ այս հարցում: Այս առումով, պետք է նշեմ նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնում լիարժեք աջակցել այս գործընթացին:

Սիրելի բարեկամներ,

Չեմ կարծում, որ այս հարթակը հարմար վայր է մեր համատեղ պատմությունը վերլուծելու համար: Տեղեկացնեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայցեր են ներկայացրել Հաագայի միջազգային դատարան, որտեղ գործընթացն այժմ սկսված է: Կարծում եմ, որ այդ գործընթացի համատեքստում կարելի է բարձրաձայնել այն բոլոր մեղադրանքները, որոնք ունի Հայաստանը: Համենայն դեպս, մենք պատրաստվում ենք դա անել և հիմնավորել մեր դիրքորոշումը ԼՂ հակամարտության գործընթացում:

Չեմ կարող չարձագանքել թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին հայտարարությանը, որը, ինչպես նշվեց, «կազմակերպվում է» Հայաստանի և Իրանի կողմից: Ցանկանում եմ նշել, որ մենք շատ սերտորեն համագործակցում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և շատ արդյունավետ պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Կարող եմ ներկայացնել նաև թվեր, որոնք ցույց են տալիս, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով կալանավորումների և առգրավված թմրանյութերի քանակն աճել է երեք, չորս և նույնիսկ ավելի անգամ: Սա ցույց է տալիս, որ Հայաստանի և Իրանի իրավապահ մարմինները շատ սերտորեն և արդյունավետորեն համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ:

Հարգելի գործընկերներ,

Եզրափակելով խոսքս՝ հաշվի առնելով Մինսկից նախագահության անցումը Նուր-Սուլթանին, ցանկանում եմ մաղթել Ղազախստանին հաջող նախագահություն, ինչում, վստահ եմ, պատրաստ են իրենց ներդրումն ունենալ և՛ մասնակից պետությունները, և՛ ԱՊՀ գործադիր կոմիտեն՝ հարգարժան Սերգեյ Լեբեդևի գլխավորությամբ: Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է նա։

--00--ԱԹ

Տեսանյութեր