Վահան Քերոբյանը մասնակցել է Ստանդարտների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել են Ստանդարտների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվում է ամեն տարի հոկտեմբերի 14-ին։ Այս տարի այն կրում է «Աշխարհն ավելի լավը դարձնելու ընդհանուր տեսլականը» կարգախոսը, որն ուղղված է ՄԱԿ-ի կողմից հռչակված Կայուն զարգացման նպատակներին: Այն նշանավորվում է որպես բազմամյա գործողությունների հանրագումարի և գնահատման ամփոփում։

Միջոցառումը կազմակերպվել էր «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից։ Ներկա էին նաև նախարարության աշխատակիցներ, պետական այլ մարմինների ներկայացուցիչներ և մի շարք արտադրող ընկերությունների ղեկավարներ։

Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ ընդգծել ստանդարտացման կարևորությունը համաշխարհային տնտեսության համար, դրա դերի ակտիվացումը որպես հիմնական աջակից ոչ միայն արդյունաբերության, առևտրի, այլև ամբողջ աշխարհի կառավարությունների և սպառողների համար: Ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում ևս մեկ անգամ արժևորելու կամավոր տեխնիկական համաձայնագրերի մշակմամբ զբաղվող փորձագետների աշխատանքը։

Ողջունելով ներկաներին նախարար Քերոբյանը նշել է ստանդարտների ինստիտուտի զարգացման կարևորությունը․ «Էկոնոմիկայի նախարարությունը շատ է կարևորում այս ոլորտը և շահագրգռված է ինստիտուտի զարգացման գործում, ինչը տնտեսական և առողջապահական խնդիրների հաղթահարման ճանապարհին մեծագույն օգնություն կլինի։ Որակի ամբողջ ինստիտուտի զարգացման շնորհիվ մարդիկ կզգան ավելի որակյալ կյանքով ապրելու բերկրանքը։ Շնորհավորում եմ ստանդարտների միջազգային օրվա կապակցությամբ և բոլորիս անխոնջ աշխատանք մաղթում»։

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից շնորհակալագրեր ստացան ստանդարտացման ազգային տեխնիկական հանձնաժողովների նախագահները և աշխատանքային խմբերի անդամները, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը, Սննդամթերքի անվտանգության, Շուկայի վերահսկողության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինները, իսկ ընկերության հետ երկարատև համագործակցություն ունեցող տեղական արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներին նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանձնեց նաև հուշանվերներ։

--00—ԼՄ