Թշնամին հարբած վիճակում սադրանքների է գնացել Արցախում. հայկական կողմն ունի վեց վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հինգշաբթի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում լուր տարածվեց, որ հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, զինված սադրանքների է գնացել շփման գծի մի քանի հատվածում։ Առաջին տեղեկատվությունը փոխանցեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հայտնելով, որ «ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է: 

Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը»: 

«Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել», - նշել էր Թաթոյանը։ 

Ավելի ուշ ընթացող դեպքերին անդրադարձավ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ վիրավորում ստացած երեք զինծառայողների վիճակը ծանր է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Արդեն կեսգիշերին մոտ պաշտոնական հաղորդագրություն տարածեց Արցախի Պաշտպանության բանակը՝ նշելով. 

«Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»։ 

Այս պահին շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կայուն է, հայկական կողմը դիրքային կորուստներ չի ունեցել։ Իրավիճակին անդրադարձել է նաև Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի սադրանքները շարունակվելու են, սակայն լայնածավալ պատերազմի վտանգ չկա այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։ Ի դեպ,  Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ, թշնամու սադրանքը սկսվել է իրենց իսկ դիրքերում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով։ Ըստ ամենայնի, հակառակորդի զինվորները գտնվել են հարբած վիճակում։

--00--ԿԿ

Տեսանյութեր