Թող որևէ մեկը գա ու փորձի նորից համոզել, որ մեր բանակը չպետք է խրամատավորվի Արցախում

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

Հրանտ

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններն անհանգստության ու բողոքի մեծ ալիք են բարձրացրել հայ հանրության շրջանում։ Փորձում եմ հասկանալ, թե ինչու՞։ Այլ սպասելիքներ կայի՞ն Ադրբեջանից։ Միթե՞ օրինաչափ չէ նրանց նման վարքագիծը։ Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է և հասկանալի։

Հիմա կարևոր երկու թեմաների մասին եմ ուզում խոսել։ Կփորձեմ կարճ լինել։ Առաջինը, մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի այս իրականության մեջ ապրելուն։ Ես հասկանում եմ, որ «խաղաղության դարաշրջան» կոչվածը շատ գայթակղիչ է հնչում։ Բայց իրականությունը միանգամայն այլ դարաշրջան է մեզ պարտադրում և մենք պետք է գիտակցենք, որ նման սադրանքները պարզապես անպուսափելի են ու էլի են լինելու։ Հնարավոր է նույնիսկ ավելի մեծ ծավալներով։ Հիմա ի՞նչ պետք է անենք մենք այս իրավիճակում։ Անընդհատ ռուս խաղաղապահներից բողոքե՞նք ու բանակին մեղադրե՞նք։ Տարբերակ է։ Բայց վստահեցնում եմ, որ ամենալավ տարբերակը չէ ու հաստատ արդյունավետ չէ։

Հանրությունը, ինչպես արդեն ասացի, պետք է պատրաստ լինի սրան ու պահանջներ ձևավորի։ Իրական պահանջներ, որոնց կյանքի կոչելուն պետք է հետամուտ լինել։ Եվ ամենաառաջին ու հիմնական պահանջը տարածաշրջանում հայկական գործոնի ուժեղացման ու մեր սուբյեկտայնության վերականգնումը պետք է լինի։ Իսկ այդ խնդրի լուծմանը հնարավոր չէ բողոքներով հասնել։ Աշխատանք է պետք և հենց սա է իմ նշած երկրորդ կարևոր թեման։

Հիմա ինչ վերաբերվում է աշխատանքին։ Նախ եկեք հասկանանք, թե ինչ հնարավորություններ է տալիս մեզ Ադրբեջանը նման գործողություններով։

ա. Նրանք հիմնավորում են ռուս խաղաղապահների անհրաժեշտությունը տարածաշրջանում,

բ. Հերթական անգամ ապացուցում են, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդների համատեղ գոյակցումը պարզապես անհնար է,

գ. Ապացուցում են, որ Արցախի և Ադրբեջանի միջև պաշտպանական նոր գիծ է պետք կառուցել։ Այսինքն դիրքավորվել,

դ. Արցախի Պաշտպանության Բանակը համալրելու, անհրաժեշտ զինատեսակներով զինելու լրացուցիչ փաստարկներ են տալիս մեզ,

ե. Դիվանագիտական հարթակներում Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս բերելու անհրաժեշտությունն հիմնավորելու նոր գործիքներ տալիս պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին։

Եվ սա դեռ ամենը չէ։ Բայց բոլոր այս կետերով աշխատանք է պետք տանել։ Հենց այսօր մեր ԶՈՒ ոչնչացված վրանի տեղում պետք է սկսի խրամատ փորել։ Եվ թող որևէ մեկը գա ու փորձի նորից համոզել, որ մեր Բանակը չպետք է խրամատավորվի Արցախում։ Հուսով եմ՝ դրա պատասխանը ՊԲ-ն հիմա արդեն կկարողանա տալ»։

 --00—ՄՀ