Գիտե՞ք, թե Արցախում քանի ռուս խաղաղապահ է զոհվել, Ալիևը սադրում է, որ նորից պատերազմ սկսի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Քանի դեռ չի սկսվել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև, Բաքուն պարբերաբար գնալու է սադրանքների, դրա համար մեզ անհրաժեշտ է ժամանակ շահել ու վերականգնել բանակը։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը։ 

«Մարտակերտում տեղի ունեցած դեպքերի պես դեպքեր պարբերաբար լինելու են։ Մենք տեսանք՝ Երասխում ցանկանում էին մեր հենակետերը վերցնել, նույնն էլ Վարդենիսի, Սոթքի շրջանում, Խոզնավարում, էկան մտան մեր տարածք։ Եթե մենք նայում ենք իրական պատկերը, խաղաղությունից բացի ուրիշ բան չենք կարա քարոզենք, ասենք, որ վաղը պատերազմ ենք սկսելու նրանց դեմ։ Չենք կարա, պտի էս ընթացքում գնանք խաղաղության, որպեսզի կարողանանք վերազինել մեր բանակը, անցնել պրոֆեսիոնալ բանակի ու իրենց լեզվով իրենց հետ խոսել», - նշել է նա։ 

Դիտարկմանը, թե ինչո՞ւ հայկական կողմը չի պատասխանում այդ սադրանքներին, Մելքոնյանը հակադարձեց, թե «մերոնք միշտ էլ պատասխանել են»։ «Երբ որ իրենք կրակում են, մերոնք կրակում են։ Մարտակերտում էլ են կրակել, բոլոր տեղերն էլ պատասխան կրակոցներ լինում ա։ Արցախում էլ ենք կրակել՝ պատասխանը ստացել են, Երասխում էլ, Սյունիքում էլ», - հավելել է նա։ 

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն պատասխանում Ադրբեջանից հնչող հայտարարություններին, արդյո՞ք վախենում են, որ պատերազմ կարող է մի պատասխանով սկսվել, պատգամավորը նշեց. «Ալիևը սադրանքի է տանում, որ պատերազմ սկսի, դրա համար էլ իշխանությունները չեն պատասխանում։ Քոչարյանն ու Սարգսյանը սովորական քաղաքացիներ են, եթե Ալիևը բան ասի, կարան տաս անգամ էլ ավել ասեն, դա չի նշանակում, որ իշխանություններն են իրենց պատասխանում»։ 

Մելքոնյանը նույնիսկ չբացառեց, որ Ադրբեջանը կարող է անգամ պատերազմ սկսել՝ ռուսական խաղաղապահների փաստը հաշվի չառնելով։ «Որ ռուսական ուղղաթիռ խփեցին, ի՞նչ եղավ։ Կամ էս ընթացքում գիտե՞ք, թե քանի ռուս զինվորական է զոհվել Արցախում։ Ասում եմ, ռուս զինվորներ են զոհվել Արցախում, ի՞նչ է եղել, ոչ մի բան։ Իսկ երբ որ ասում եք, թե մեր իշխանությունները պետք է հելնեն՝ չգիտեմ ինչեր անեն, հլա մենք էդ հնարավորությունները չունենք։ Երբ որ բանակը ոտքի կանգնի՝ մեկին տասը կասենք», - ընդգծեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։