36-ամյա սևանցի մի կին պայուսակից գողացել է խանութի բանալին և գողություն արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հոկտեմբերի 12-ին ոստիկանություն էր զանգել Իջևանի բնակչուհի մի անհատ ձեռնարկատեր և հայտնել, որ խանութից գողացել են հագուստ ու այլ իրեր: Մեկնել էր ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը, կատարել դեպքի վայրի զննություն, անցկացրել օպերատիվ զրույցներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը պարզվեց գողության ողջ մեխանիզմը: Ըստ նախնական տվյալի` Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա մի կին, ներկայանալով որպես Մերի, վարձակալական հիմունքներով 15 օր բնակվել է անհատ ձեռնարկատերի բնակարանում, այդ ընթացքում էլ նրա պայուսակից գողացել է խանութի բանալին և կատարել գողություն:

Ճշտվել է Մերիի ինքնությունը, որը ներկայացել էր այլ անվամբ։ Հոկտեմբերի 13-ին նա բերման է ենթարկվել բաժին ու տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է, դեպքի հանգամանքները պարզվում են:--00—ԼՄ