Ներկայացվել են Հայաստանում՝ կոմունալ կացարաններում ապրող արցախցիների կարիքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Սոցապ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը հանդիպում է ունեցել Հայկական Կարմիր Խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է 2020 թ․ պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում Արցախից տեղահանված քաղաքացիներին ցուցաբերված աջակցության ուղղություններն ու ծավալը, ինչպես նաև քննարկվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ իրականացված ծրագրերը։

Աննա Եղիազարյանը մանրամասնել է ՀԿԽԸ կողմից արցախցիներին տրամադրված մարդասիրական օգնության, մասնավորապես՝ արցախցիների հրատապ և անհետաձգելի կարիքների լուծմանն ուղղված ավելի քան 3 մլրդ 380 մլն դրամ աջակցության տրամադրման ուղղությունները։ ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի խոսքով՝ նախարարության ծրագրերի շրջանակում կազմակերպության կողմից նաև կանխիկ աջակցություն է տրվել տեղահանված արցախցիներին ու վերջիններիս հյուրընկալող ընտանիքներին։

Քննարկման ժամանակ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է Հայաստանում և մասնավորապես կոմունալ կացարաններում ապրող արցախցիների կարիքները, նախանշել բնակապահովմանն ու տնտեսական ակտիվացմանն ուղղված ծրագրերի շուրջ ապագա համագործակցության տարբերակները։

Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց արդյունավետ համագործակցության համար։

--00--ԱԹ