Շերամի փողոցում կատարված դանակահարության դեպքով 18-ամյա բնակիչ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

դանակահարություն

Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով շտապօգնության խումբը 20-ամյա երիտասարդի է տեղափոխել հիվանդանոց։
Բժշկական կենտրոն մեկնած ոստիկաններն արձանագրեցին ախտորոշումը, նաև՝ երբ և որտեղից է քաղաքացին բուժօգնության տեղափոխվել։ Նրան դանակահարել էին Շերամի փողոցի շենքերից մեկի բակում։ Իսկ թե ով էր պատճառել մարմնական վնասվածքը, դեռ հարկավոր էր պարզել։
Քրեական հետախույզները դեպքի վայրում օպերատիվ հարցումներ իրականացրին։ Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները։ Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց։
Տեղեկություններ ստացվեցին, որ վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Շերամի փողոցի 18-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղությամբ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 --00—ՄՀ