Արագածոտնի մարզպետը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել մարզի տնտեսական հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և «Փայնաքերն օգնում է Հայաստանին» հիմնադրամի նախաձեռնությամբ  հոլանդական Maveridge ծաղկաբուծական ընկերությունն իր մշակած նոր տեսակի սպիտակ կակաչն անվանակոչել է «Արագած», ինչը խորհրդանշում է Արագած լեռան ձյունածածկ գագաթները։ Այս մասին հայտնում են ՀՀ Արագածոտնի մարզպետարանից: 

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հրավերով Արագածոտնի մարզպետարան է այցելել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը՝ ի նշան հայ-նիդերլանդական բարեկամության «Արագած» կակաչի սոխուկները խորհրդանշական կերպով տնկելու և համատեղ հետաքրքրության հարցեր քննարկելու համար:   

Մարզպետ Դավիթ Գևորգյանը ողջունել է դեսպանի այցն Արագածոտնի մարզ՝ բարձր գնահատելով հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները՝ Արագածոտնի մարզում համատեղ միջոցառումներ իրականացնելու հույս է հայտնել, ապա դեսպանին է ներկայացրել մարզի տնտեսական և ներդրումային հնարավորությունները, տարբեր ոլորտներում  իրականացվող ծրագրերը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ կիսում է մարզպետ Դավիթ Գևորգյանի տեսակետը երկկողմ հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ և պատրաստակամություն է հայտնել իր և դեսպանատան լիազորությունների շրջանակներում համագործակցել Արագածոտնի մարզպետարանի հետ և մարզում ծրագրեր իրականացնել:

Կողմերը զրուցել են Արագածոտնի մարզում զբոսաշրջության, գյուղատնտեսության՝ մասնավորապես ջերմոցային տնտեսությունների, ծաղիկների մշակության և ինտենսիվ այգեգերծության, գինեգործության, կրթության՝ մասնավորապես ՏՏ ոլորտի և երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք այլ թեմաների շուրջ:

Հանդիպման ավարտին մարզպետ Դավիթ Գևորգյանը և դեսպան Նիկոլաս  Յակոբ  Սխերմերսն «Արագած» կակաչի մեկական սոխուկ են տնկել՝ պարտավորվելով խնամել խորհրդանշական բույսը և պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա գործուն համագործակցության:

--00—ԼՄ