21-ամյա մասիսցին «Իդրամ» վճարային համակարգով 8 քաղաքացուց խաբեությամբ գումար է հափշտակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Մասիս քաղաքի 21-ամյա մի երիտասարդ Շիրակի մարզի 8 բնակչից խաբեությամբ գումար է հափշտակել։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը ներկայանալով վարկային կազմակերպության աշխատակից՝ Գյումրի քաղաքի տարբեր վայրերում բջջային հեռախոսահամարներ է փակցրել և «Իդրամ» վճարային համակարգի միջոցով տարբեր օրերում Զույգաղբյուր և Ազատավան գյուղերի՝ երկու, Գյումրիի՝ 5 բնակչից, այս պահին հայտնի տվյալներով, խաբեությամբ, մոտ կես միլիոն դրամ է հափշտակել։

Բաժնի ծառայողները, համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների հետ, սեպտեմբերի 28-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Աշոցքի բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն։

Հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է։

--00—ԼՄ

Տեսանյութեր